«Անկլավների» ռիսկային կոնտենտը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերջին օրերին բավական ակտիվ սկսվել է շահարկվել, այսպես կոչված, «անկլավների» թեման, որն իշխանություններն ամեն հարմար առիթի դարձնում են հանրային տիրաժավորման առարկա։ Ավելին, արդեն տարբեր առիթներով հրապարակվում են այն գյուղերի և հանդամասերի անունները, որոնք Փաշինյանը պատրաստվում է նվիրաբերել իր կառուցողական «բարեկամին»։
Այս ամենի հետ մեկտեղ շատ կարևոր է արձանագրել, թե ինչ հնարավոր ռիսկեր են պարունակում և ինչ անդառնալի հետևանքներ են իրենց մեջ պարունակելու այս հակազգային ու հակապետական գործելաոճը։
Ակնհայտ է, որ ռիսկերն ու վտանգները կարող են առաջանալ նոր տարածքների և «անկլավների» հանձնման խնդրով պայմանավորված: Այսինքն, հնարավոր է՝ անցակետերը ռիսկեր չպարունակեն և լինեն սովորական անցակետեր: Սա հատկապես վտանգավոր է Ոսկեպար, Վերին Ոսկեպար, Բաղանիս հատվածում այս գաղափարն իրագործվի, եթե ադրբեջանական կողմի ցանկությամբ վերադարձվեն Տավուշի գյուղերը, հենց այստեղ ենք լուրջ վտանգների բախվելու:
Ընդ որում, ոչ միայն ճանապարհների վերահսկման առումով, քանի որ, ինչպես տեսնում ենք իշխանության իրականացվող քաղաքականությունից, Հայաստանն ինքն իր ձեռքով «ականապատում» է իր իսկ տարածքները, և Ադրբեջանը, փաստացի, բլոկադայի է ենթարկում Իրանից դեպի Վրաստան տանող գլխավոր մայրուղին։ Ի դեպ, չի բացառվում, որ եթե Փաշինյանի «քավորությամբ» Ադրբեջանն արդեն դրանք համարի իր սեփական տարածքները, կարող է նոր ենթակառուցվածքներ կառուցել, այդ թվում՝ ռազմական կառույցներ, ինչն անվտանգային նոր ռիսկեր է ստեղծելու: Այսինքն, մեր տարածքի խորքում կարող են այնպիսի ենթակառուցվածքներ կառուցել, որ տասնամյակներ անվտանգության հետ կապված լուրջ վտանգներ ունենանք:
Ինչ վերաբերում է ՀՀ-ին սպառնացող այս պահին առկա անվտանգային, ռազմական ռիսկերին, ի վերջո, շուրջ երկու տարի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ է ՀՀ 200 քկմ տարածք, որից մոտ 140 քկմ-ն՝ 2021-2022 թվականների առաջխաղացումների և հարձակումների արդյունքում։ Փաստ է այն, որ Ադրբեջանը Կութի հատվածում, առաջխաղացում է ապահովել ոչ միայն նրա համար, որ Ջերմուկից կամ Իշխանասարից հարձակման ծրագիր իրագործի, այլ հնարավոր լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում, շատ արագ Իշխանասարից կփակի Մ2 մայրուղին: Սա շատ պարզ նկատելի է հատկապես այն դեպքում, ասենք, եթե ադրբեջանցիները փորձեն խորանալ Ալագյոլեր, Կութ, Վերին Շորժա հատվածում, քանի որ Վերին Շորժայի «գլխով» դեպի Սելիմի լեռնանցք ճանապարհը շատ մոտ է: Ըստ էության, մենք այսօր կանգնած ենք Ադրբեջանի կողմից ոչ միայն Սյունիքը, այլ նաև Վայոց ձոր-Սյունիքը կտրելու վտանգի առաջ:
Սրանք դրվագներ են, որոնք ամենից փայլուն գիտակցում է Նիկոլը, գիտակցում, բայց վստահաբար ու հաստատուն քայլերով շարունակում է քայլ-քայլի իրագործել, և շարունակելու է իրագործել, քանի դեռ կարողանում է Հայաստանում մնալ իշխանության գլուխ։
Արմեն Հովասափյան