Փոքրիկ «դեսպոտիկի» ստրասբուրգյան զեղումները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱմեն օր հայաստանյան իրականությունն ապրում է հերթական սթրեսը, որի ապահովման համար իր ուրույն ու կայուն դերն ունի Նիկոլ Փաշինյանը․ նա ուղղակի անմասն չի այն հանրային ատելության գեներացման գործընթացին, որին ականտես ենք դառնում։ Այսօրվա հարթակը մաքուր եվրոպական էր։ Եվ այնտեղից մենք լսեցինք ստի, ցինիզմի անբարոյականության հերթական բացահայտումը։
Ժամեր առաջ Փաշինյանը ելույթ ունեցավ Ստրասբուրգում․ Եվրոպական խորհրդարանում նրա ելույթը ոչնչով չէր տարբերվում իր հայաստանյան ելույթներից՝ մի փոքր «ժողովրդավարության» չափաբաժինն էր ավելացրել իր խոսքում՝ փորձելով իր սիրելի եվրոպացիներին համոզել իր սուպերժողովրդավար լինելու փաստի մասին։
Ելույթի հենց սկզբից ակնհայտ դարձավ, որ Նիկոլն այն կառուցել է բացահայտ հակառուսական թեզերի վրա հիմնվելով, քանի որ խոսույթի հիմնական առանցքը հենց ՌԴ-ին և Պուտինին ուղղված ակնհայտ հակակրանք էր ու ուղղակի մեղադրանքներ․ առանձին անդրադարձ կատարեց «ՀԱՊԿ անգործության մասով», «շեշտեց խաղաղապահների ոչ ադեկվատ պահվածքը», այլ կերպ ասած՝ հակառուսական հնարավոր ինչ տարբերակ ուներ ասաց։ Դե, եվրոպառլամենտականներին էլ ինչ էր մնում՝ իհարկե ինքնամոռաց ծափահարել ու ժպտալ «փոքրիկ դեսպոտիկին»։
Հա, մոռացա ասեմ՝ Փաշինյանի խոսքում թևածում էր «ժողովրդավարությունը», խոսքում մոտ 8-10 անգամ կրկնեց՝ փորձելով ներկաներին համոզել (մնաց ասի՝ հորս արև), որ ինքը բարի է, խաղաղասեր, ներող, զիջող ու կամեցող և շատ պուպուշ ձևով է կառավարում երկիրը։ Բնականաբար, երբ Նիկոլը խոսում էր Հայաստանում «թևածող» ժողովրդավարության մասին, միանգամից ադեկվատ հայության աչքի առաջ վերհառնեցին Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի, Լևոն Քոչարյանի, Գրիգոր Խաչատուրովի, Միքայել Արզումանյանի և մնացյալ քաղբանտարկյալների կերպարները։ Հայության զգալի մասը հավանաբար հիշեցին, թե ինչպես էին ընդամենը 15-20 օր առաջ Երևանի փողոցներում կրակում խաղաղ ցուցարաների վրա, կանաց ոտնակոխ տալիս և անչափահասներին խեղդելով՝ պառկեցնում ասֆալտին։
Նիկոլական ստերը եվրոպանների քիմքին հաճելի էր, նրանք ցանկանում էին լսել, թե ինչպես է նա բարբաջում խաղաղության օրակարգի մասին, ինչպես է սեփական երկրի շահերը ոտնակոխ տալիս, արհամարհում բոլոր արժեքները՝ հանուն շինծում դեմոկրատիայի, այն դեմոկրատիայի, որն այսօրվա կյանքը վերածել է մարազմատիկ քաոսի։
Հպարտանում էր Նիկոլը, գլուխը ոգևորությամբ աջուձախ պտտում, փորձում հավատացողների հայացքները որսալ, որպեսզի ստի պորցիան ավելացնի, ճոռոմաբանությունն էլ ավելի գեղեցկացնի խուճուճ դարձվածքներով։ Էլ տնտեսական «աննախադեպ» աճեր, էլ թափանցիկ ընտրություններով հպարտանալու մաստեր-կլասներ, ճանապարհների ապաշրջափակում, սիրելի հարևաններ, միջազգային խաչմերուկներ և վերջում ևս մեկ անգամ՝ կեցցե ժողովրդավարությունը։
Իսկ ելույթի վերջնամասը վառ երևակայություն ունեցող ունկընդրին, թերևս, հիշեցրեց բուլգակովյան հայտնի դրվագը, երբ դահլիճը հոտընկայս ծափահարում էր ընկեր Շարիկովին, իսկ նա մոլորված հայացքով նայում էր շրջապատին։
Հ․գ․ Կարող եք ծխել, պարոնա՛յք․․․
Արմեն Հովասափյան