Եղիշե Հակոբյանը գոռալով լացում էր, չէր խոսում. նոր մանրամասներ՝ հրդեհված կացարանի գործից
ԻՐԱՎՈՒՆՔ2023 թվականի հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ է բռնկվել։ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ տվյալները ճշտվում են: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող ևս 3-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Iravaban.net-ը ներկայացնում է գրեթե 3 տարի տևող գործի քննության ընթացքը ներկա իրավիճակը։
Գործի դատավարական նախապատմությունը
19.01.2023թ. ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված առերևույթ հանցանքի մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից պատշաճ հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հեռախոսագիր է ստացվել, որ 19.01.2023թ.՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված շինությունում վառարանն ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ՝ Արամ Արսենի Մանուկյանը, Վոլոդյա Մհերի Ներսիսյանը, Պավլիկ Վարդանի Աբազյանը, Միշա Կարենի Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Դավթի Մարտիրոսյանը, Ռոստոմ Արտակի Ասրյանը, Մուշեղ Վահագնի Համբարչյանը, Տարոն Սեդրակի Ղարիբյանը, Դավիթ Նորայրի Սարգսյանը, Հրաչյա Կարենի Գրիգորյանը, Նարեկ Ռոբերտի Ավագյանը, Գագիկ Արմանի Բարսեղյանը, Հայկ Գաբրիելի Կիրակոսյանը, Սերգեյ Կարենի Կևորկովը, Համլետ Սպարտակի Դավթյանը մահացել են, իսկ թվով 6 պարտադիր ժամկետային զինծառայող, շարքայիններ՝ Գարուշ Խաչատուրի Սարգսյանը, Լևոն Արմենի Խառատյանը, Ժիրայր Հակոբիկի Սահակյանը, Վաղինակ Սարմենի Մանուչարյանը, Արսեն Վաչիկի Սողոմոնյանը, Ռադիկ Մուրադի Մաթևոսյանը և մեկ սպա, կապիտան՝ Եղիշե Վահագնի Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային զինհոսպիտալ:
Հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում 19.01.2023թ. ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N և ՀՀ ՊՆ N զորամասերի համապատասխան պաշտոնատար անձինք, համաձայն «ՀՀ զինված ուժերում ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 101-րդ և 217-րդ հոդվածների, հանդիսանալով զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար պատասխանատու, պարտավոր լինելով կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը, ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել զորամասի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը, իսկ համաձայն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 21.12.2022թ. կարգադրության՝ ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը, անձնակազմին պարբերաբար հրահանգավորել հրդեհային անվտանգության կանոների պահպանման վերաբերյալ, զորամասի ենթակա ստորաբաժանումներին ապահովել կրակմարիչներով, հակահրդեհային վահանակներով, հրշեջ միջոցներով, խստիվ արգելել վառարանների շահագործման համար ավտոբենզինի օգտագործումը, իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չեն կատարել, որն անզգուշությամբ առաջացել է երկու և ավելի մարդու մահ։
Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Վահագնի Հակոբյանը, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտելով ներքին ծառայության կանոնագրքի հավելված 16-ով սահմանված պահանջները, համաձայն որոնց արգելվում է վառարանները վառելու համար օգտագործել դյուրավառ հեղուկներ, վառարանները վառել անձնակազմի հանգստի (քնի) ժամերին, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի հետևանքով բռնկել է հրդեհ, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի պարտադիր ժամկետային 15 զինծառայողներ մահացել են, իսկ ինքը և 4 պարտադիր ժամկետային զինծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գեղարքունիքի կայազորային զինհոսպիտալ։
22.01.2023թ.-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նույն օրը որոշում է կայացվել քրեական վարույթը մյուս քրեական վարույթին միացնելու և նախաքննությունը նոր քրեական վարույթով շարունակելու մասին:
2023 թվականի օգոստոսի 28-ին որոշում է կայացվել քրեական վարույթից մեղադրյալներ Եղիշե Վահագնի Հակոբյանի, Գոռ Սերգոյի Աղեկյանի, Մառլեն Խաչիկի Սարգսյանի, Գոռ Գեղամի Մարգարյանի և Տիգրան Նվերի Ղազարյանի կողմից համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կապացությամբ իրականացված վարույթից նոր քրեական վարույթն անջատելու մասին։
Հարուցված քրեական հետապնդումը և կիրառված խափանման միջոցները
- Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 25․01․2023թ․ միջնորդություն է ներկայացվել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Նույն օրը հսկող դատախազը որոշում է կայացրել Գոռ Սերգոյի Աղեկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
25․01․2023թ․ որոշում է կայացվել Գոռ Աղեկյանին ձերբակալելու մասին:
26․01․2023թ․՝ ժամը 07:40-ին, Գոռ Աղեկյանը ՀՀ ՊՆ ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
26․01․2023թ․` ժամը 10:20-ին, Գոռ Աղեկյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նույն օրը մեղադրյալ Գոռ Աղեկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է հարուցվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որը Դատարանի կողմից քննության է առնվել և բավարարվել։ Մեղադրյալ Գոռ Սերգոյի Աղեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 26-ը։
- 30․01․2023թ․ միջնորդություն է ներկայացվել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ ՀՀ ՊՆ Nզորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, մայոր Մառլեն Խաչիկի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Նույն օրը հսկող դատախազը որոշում է կայացրել Մառլեն Խաչիկի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
30․01․2023թ․ որոշում է կայացվել Մառլեն Սարգսյանին ձերբակալելու մասին:
31․01․2023թ․՝ ժամը 08:40-ին, Մառլեն Սարգսյանը ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
31․01․2023թ․` ժամը 14:35-ին, Մառլեն Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով և նրան է հանձնվել հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը:
Նույն օրը մեղադրյալ Մառլեն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է հարուցվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որը Դատարանի կողմից քննության է առնվել և բավարարվել։ Մեղադրյալ Մառլեն Խաչիկի Սարգսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։
- 2023 թվականի փետրվարի 1-ին միջնորդություն է ներկայացվել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Վահագնի Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Նույն օրը հսկող դատախազը որոշում է կայացրել Եղիշե Վահագնի Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
2023 թվականի փետրվարի 1-ին Եղիշե Վահագնի Հակոբյանին ներկայացվել է մեղադրանքը և նրան է հանձնվել հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը։ 17․03․2023թ․-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Եղիշե Հակոբյանին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին։
17.03.2023թ.՝ ժամը 14։42-ին, Եղիշե Հակոբյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է։
Նույն օրը մեղադրյալ Եղիշե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որը Դատարանի կողմից քննության է առնվել և բավարարվել։ Մեղադրյալ Եղիշե Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 17-ը։
- 09․02․2023թ․-ին նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Մարգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Նույն օրը՝ ժամը 16:20-ին, Գոռ Մարգարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով և նրան է հանձնվել հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը:
Մեղադրյալ Գոռ Մարգարյանի նկապմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
- 16․02․2023թ․-ին նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Նույն օրը՝ ժամը 21:40-ին, Տիգրան Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով և նրան է հանձնվել հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը:
Մեղադրյալ Տիգրան Ղազարյանի նկապմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Գործով քրեական վարույթի նախաձեռնումը
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին ստացվել են Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, 2023 թվականի սեպտեմբերի 4-ին հանձնվել է դատավոր Վ. Հարությունյանին:
05.09.2023 թվականին դատավոր Վ. Հարությունյանի կողմից կայացվել է քրեական վարույթը ստանձնելու և նախնական դատական լսումներ նշանակելու մասին:
Տուժողները և մեղադրյալները
Քրեական գործում կա 14 տուժող՝ Լևոն Արմենի Խառատյան, Գարուշ Խաչատուրի Սարգսյան, Դավիթ Գրիշայի Մարտիրոսյան, Վարդան Պավլիկի Աբազյան, Արտակ Ռոստոմի Ասրյան, Կարեն Իսահակի Դումիկյան, Կարեն Սերգեյի Կևորկով, Սպարտակ Համլետի Դավթյան, Գաբրիել Հայրապետի Կիրակոսյան, Մհեր Կառլոսի Ներսիսյան, Արման Գուրգենի Բարսեղյան, Ռոբերտ Երվանդի Ավագյան, Նաիրա Կոլյայի Կարապետյան, Վահագն Մուշեղի Համբարչյան։ Գործով որպես մեղադրյալ ներգրավվել են 5 անձ՝ ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանը, զորամասի թիկունքի պետի՝ հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, նշանակված լինելով զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների պետ Մառլեն Սարգսյանը, ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը և ինժեներական ծառայության պետ Տիգրան Ղազարյանը։
Ներկայացված մեղադրական եզրակացությունները
Եղիշե Վահագնի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով,որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել: Արդյունքում Եղիշե Վահագնի Հակոբյանի կողմից կացարանում գտնվող զինծառայողների պաշտպանությունը չապահովելու հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Գոռ Սերգոյի Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի թիկունքի պետի՝ հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի պաշտոնը, պարտավոր լինելով կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը, ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է մահ. Այն է 2023թ. Հունվարի 19-ին 00:40-ին է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհը հնարավոր չի եղել մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մառլեն Խաչիկի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, նշանակված լինելով զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների պետի պաշտոնին, պարտավոր լինելով իմանալ զորամասի օբյեկտների հրդեհավտանգության առանձնահատկությունները, զորամասի սպայական կազմի, ենթասպաների և ավագների համար կազմակերպել դասընթացներ՝ հակահրդեհային պատրաստության հրդեհաշիճման միջոցների կիրառման ու պահպանման վերաբերյալ, հսկել հրդեհաշիճման միջոցների սարքին վիճակը և նպատակային օգտագործումը, ժամանակին զեկուցել հրամանատարին զորամասի օբյեկտներում հայտնաբերված թերությունների մասին և դրանց հայտնաբերման դեպում շուտափույթ վերացնել դրանք և կանխել հրդեհի առաջացում:Սակայն իր պարտականությունների չկատարման հետևանքով ՀՀ ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհը հնարավոր չի եղել մարել, պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Գոռ Գեղամի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի պաշտոնը և պարտավոր լինելով անցկացնել ստուգումներ և ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը,բոլոր տեսակի կացարաններում տեղադրել կրակմարիչներ և խիստ հսկողություն սահմանել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման համար: Սակայն Գոռ Գեղամի Մարգարյանի կողմից իր պարտականությունները չեն կատարվել, ինչի հետևանքով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի կացարանի վառարանի՝ Եղիշե Հակոբյանի կողմից ավտոբենզինով վառելու հետևանքով հրդեհ է բռնկվել,որը հնարավոր չի եղել մարել, պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տիգրան Նվերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի ինժեներական ծառայության պետի պաշտոնը, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հսկողություն սահմանել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը չի կատարել իր պարտականությունները:Իր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացել է մահ. 2023թ. Հունվարի 19-ին 00:40-ին է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհը հնարավոր չի եղել մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Գործը առաջին ատյանի դատարանում
Գործով առաջին նախնական դատալսումները կայացել են 2023 թվականի սեպտեմբերի 12-ին։ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի նախնական դատական լսումների ժամանակ՝ ի թիվս այլոց՝ դատարանը քննարկման առարկա է դարձրել նաև մեղադրյալ Եղիշե Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը: Հանրային մեղադրող Գ.Ադոնցը հայտնել էր, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխման համար դատաքննության տվյալ փուլում դեռևս հիմքեր չկան: Կալանքի ժամկետի երկարաձգման որոշմամբ արձանագրված հիմքերը դեռևս շարունակում են առկա մնալ, ռիսկերը չեն նվազում նախաքննության ընթացքում առերեսումներ կատարելու պատճառով, առերեսված անձիք պետք է հարցաքննվեն դատարանում և դրանով հենց պետք է դատարանի մոտ ձևավորվի ներքին համոզմունք, խոչնդոտելու ռիսկը վերացնող որևէ այլ խափանման միջոց չկա, որը կարող է նվազեցնել կամ չեզոքացել վկաների նկատմամբ մեղադրյալի կողմից ազդեցության ռիսկը: Պնդել է, որ կալանքի ժամկետը պետք է երկարաձգել երեք ամիս ժամկետով:
Հանրային մեղադրող Վ. Վարդանյանը հայտնեց որ միանում է գործընկերոջը:
Մեղադրյալ Ե. Հակոբյանի պաշտպան Հ. Սարգսյանը հայտնել էր, որ վերջին անգամ շարունակական կալանքի հարցը քննարկելիս դատարանը հիմք է ընդունել այն հանգամաքնը, որ Ե. Հակոբյանը հանդիսանում է տվյալ զորամասում կապի ծառայության սպա և պաշտոնով պայմանավորված կարող է ազդեցություն գործել իր հետ ապագայում առերես հարցաքննվող անձանց վրա: Այդ հանգամանքը այլևս չկա, քանի որ որևէ առերեսում չի կատարվել դրանից հետո: Հանրային մեղադրողի կողմից որևէ հիմք չնշվեց, հիմքում միայն դրվեց վկաների վրա ապօրինի ազզդեցությունը, սակայն ազդեցության միջոցների կամ եղանակների մասին որևէ տվյալ հանրային մեղադրողները չհայտնեցին, շարունակական կալանքի հիմքերը պետք է լինեն փաստարկ-ված, ազդեցության հիմքը փաստարկված չէ, և այլընտրանքային խափանման միջոցները, նաև համակցությամբ ի զորու են ապահովել իր պաշտպանյալի պատշաճ վարքագիծը: Գտնում է որ կալանքը պետք է փոխարինել այլ խափանման միջոցով, այն դադարել է լինել բացառիկ և եզակի խափանման միջոց, որը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
Մեղադրյալ Ե. Հակոբյանը հայտնել էր, որ միանում է իր պաշտպանին: Ներկա տուժողները չէին առարկել հանրային մեղադրողների դիրքորոշմանը: Ի վերջո դատարանը որոշել էր Մեղադրյալ Եղիշե Վահագնի Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 17-ը՝ պահպանելով 14.07.2023 թվականի կալանքի ժամկետի երկարաձգման որոշմամբ սահմանված սահմանափակումները:
Քննության էին առնվել նաև մյուս մեղադրյալների խափանման միջոցների ժամկետի երկարաձգումը, ինչի արդյունքում դատարանը որոշել էր՝
- Մեղադրյալ Գոռ Սերգոյի Աղեկյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 26-ը:
- Մեղադրյալ Մառլեն Խաչիկի Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-՝ պահպանելով 28.07.2023 թվականի կալանքի ժամկետի երկարաձգման որոշմամբ սահմանված սահմանափակումները:
Գոռ Աղեկյանի պաշտպանը հետագաում միջնորդել էր փոխել կիրառված խափանման միջոցը, վերացնել կալաքը։ Միջնորդությունը սակայն մերժվել էր։
2023 թվականի դեկտեմբերի 15-ին դատական նիստում Դատարանը երկարաձգել էր կալանքի տակ գտնվող մեղադրյալների խափանման միձոցի ժամկետը․
- Մեղադրյալ Եղիշե Վահագնի Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը՝ 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի մարտի 17-ը՝ պահպանելով 14.07.2023 թվականի կալանքի ժամկետի երկարաձգման որոշմամբ սահմանված սահմանափակումները: Այս ժամկետի լրանալուց հետո երկարացվեց ևս 3 ամսով, մինչև 2024թ․ հունիսի 17-ը, ապա ևս 3 ամսով։
- Մեղադրյալ Գոռ Սերգոյի Աղեկյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի մարտի 26-ը։ Այս ժամկետի լրանալուց հետո երկարացվեց ևս 2 ամսով, մինչև 2024թ․ մայիսի 26-ը, ապա ևս 2 ամսով։
- Մեղադրյալ Մառլեն Խաչիկի Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի մարտի 30-ը՝ պահպանելով 28.07.2023 թվականի կալանքի ժամկետի երկարաձգման որոշմամբ սահմանված սահմանափակումները:Այս ժամկետի լրանալուց հետո երկարացվեց ևս 3 ամսով, մինչև 2024թ․ հունիսի 30-ը, ապա ևս 2 ամսով։
Մեղադրյալների խափանման միջոցները, ժամկետը լրանալուց հետո, շարունակ երկարաձգվում էին։ 2024 թվակաի օգոստոսի 8-ին Դատարանը որոշեց Մեղադրյալ Մառլեն Սարգսյանի, Գոռ Աղեկյանի, նկատմամբ կիրառված կալանքը փոխել և նրա նկատմամբ համակցությամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանք՝ 3 (երեք) ամիս ժամկետով և բացակայելու արգելք:
Մեղադրյալները տնային կալանքի կիրառման ամբողջ ժամկետում պարտավորվում են չլքել իրենց փաստացի բնակության հասցե հանդիսացող տարածքը: Նրանց արգելվում էր ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց: Արգելվում էր շփում ունենալ այլ անձանց հետ՝ բացառությամբ իր հետ համատեղ ապրող ընտանիքի անդամների և իր պաշտպանի, ինչպես նաև բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց՝ բացառությամբ իր պաշտպանի:
Հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվում պաշտպանի, շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի վրա։ Նման դեպքերի մասին մեղադրյալն պարտավոր է անհապաղ տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմնին։
Գործով հիմնական մեղադրյալ էր ճանաչվել Եղիշե Հակոբյանը, նրա խափանման միջոցը շարունակում էր մնալ անփոփոխ։ Նրա պաշտպանի հերթական միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, Դատարանը մերժել էր և նորից երկարաձգել կալանքը ևս 3 ամսով, մինչև 2024 թվականի դեկտեմբերի 17-ը՝ պահպանելով 14.07.2023 թվականի կալանքի ժամկետի երկարաձգման որոշմամբ սահմանված սահմանափակումները։ Հանրային մեղադրող Ա. Մարտիրոսյանը հայտնել էր, որ դատաքննության տվյալ փուլում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխման համար դեռևս հիմքեր չկան: Կալանքի ժամկետի երկարաձգման որոշումներով արձանագրված հիմքերը դեռևս շարունակում են առկա մնալ: Պնդում է, որ կալանքի ժամկետը պետք է երկարաձգել երեք ամիս ժամկետով: Դատակոչի ցուցակում ընդգրկված վկաները դեռևս չեն հարցաքննվել, կա խոչդոտելու ռիսկ: Կալանքը այս պահին դեռևս միակ խափանման միջոցնէ , որը կարող է ապահովել պատշաճ վարքագիծ: Տուժողների ներկայացուցիչ Ն. Նորիկյանը հայտնել էր, որ բազմիցս հայտնել են դիրքորոշում մեղադրյալների խափանման միջոցների մասով: Համամիտ է մեղադրող կողմի հետ, որևէ փոփոխություն չի եղել հիմքերի մասով, խափանման միջոցի փոփոխման հիմք չկա: Նույն դիրքորոշումը հանրային մեղադրողը հայտնել է բոլոր կալանավորված մեղադրյալի մասով: Հինգ մեղադրյալներից՝ չորսը ազատության մեջ են, երբ նույն ռիսկերը առկա են բոլորի դեպքում:
Եղիշե Հակոբյանը մինչ օրս գտնվում է կալանքի տակ։ Կայացախ վերջին դատական նիստում նրա պաշտպանը միջնորդեց կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ համակցված ձեւով, գրավ, տնային կալանք:
Նշեն, որ ՀՀ քրեական դատավարության 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «4. Դատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երեք ամսից ոչ ավելի ժամկետով»:
Գործի հետագա ընթացքը
Դատաքննության ընթացքում հարցաքննվել են թվով 15/տասնհինգ/ տուժողներ, որից երկուսը նախաքննական ցուցմունք, մահացած լինելու պատճառով, հետազոտվել են գործում առկա փաստաթղթային ապացույցները /ոչ ամբողջ ծավալով/։
2023 թվականի հոկտեմբերի 06-ին Վերաքննիչ դատարանում ստացվել և նույն օրը դատավոր Լ.Ալավերդյանի աշխատակազմին են փոխանցվել վարույթի նյութերը։
Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ հատուկ վերանայման բողոքն ընդունվել է վարույթ: Հատուկ վերանայման բողոքի պատասխան չի ներկայացվել։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Մեղադրյալ Գոռ Սերգոյի Աղեկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով այն բանի համար, որ «(…) նա, հանդիսանալով հրամանատար (պետ) և պաշտոնատար անձ՝ զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետի-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի պաշտոնը, կոչումով փոխգնդապետ, ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ կամ կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Այսպես.
ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 101-րդ, 102-րդ և 217-րդ հոդվածների համաձայն՝ պատասխանատու լինելով ստորաբաժանումների նյութական և տեխնիկական ապահովվածության, զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար, պարտավոր լինելով ըստ ենթակա ծառայությունների՝ կազմակերպել նյութական միջոցների գնդի ստորաբաժանումների ժամանակին ապահովումը, կազմակերպել թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը, կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը, ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, հակահրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը, առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը, ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 21.12.2022թ. կարգադրության համաձայն՝ պարտավոր լինելով խիստ հսկողություն սահմանել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում, բոլոր տեսակի կացարաններում տեղադրել կրակմարիչներ, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև՝ հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, մասնավորապես՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Վահագնի Հակոբյանը, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի հավելված 16-ով սահմանված պահանջները, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված՝ վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ և հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Արսենի Մանուկյանը, Վոլոդյա Մհերի Ներսիսյանը, Պավլիկ Վարդանի Աբազյանը, Միշա Կարենի Դումիկյանը, շարքայիններ Գոռ Դավթի Մարտիրոսյանը, Ռոստոմ Արտակի Ասրյանը, Մուշեղ Վահագնի Համբարչյանը, Տարոն Սեդրակի Ղարիբյանը, Դավիթ Նորայրի Սարգսյանը, Հրաչյա Կարենի Գրիգորյանը, Նարեկ Ռոբերտի Ավագյանը, Գագիկ Արմանի Բարսեղյանը, Հայկ Գաբրիելի Կիրակոսյանը, Սերգեյ Կարենի Կևորկովը, Համլետ Սպարտակի Դավթյանը մահացել են, իսկ կապիտան Եղիշե Վահագնի Հակոբյանը և պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Խաչատուրի Սարգսյանը, Լևոն Արմենի Խառատյանը, Ժիրայր Հակոբիկի Սահակյանը և Ռադիկ Մուրադի Մաթևոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ։
Այսինքն, Գոռ Սերգոյի Աղեկյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարում»:
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ (…)Մեջբերված իրավական դրույթները, դիրքորոշումներն ու վերլուծությունները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, դատարանն արձանագրում է հետևյալը.
2023 թվականի հունվարի 26-ին մեղադրյալ Գոռ Աղեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը երկու ամիս ժամկետով /Վերաքննիչ դատարան ներկայացված հատուկ վերանայման բողոքը մերժվել է/։
Մեղադրյալ Գոռ Աղեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան, որոնք դատարանի կողմից քննության են առնվել և բավարարվել։
Դատարանի որոշման դեմ մեղադրյալ Գոռ Աղեկյանի պաշտպանը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որը քննության է առնվել և մերժվել։
2023 թվականի հուլիսի 25-ին մեղադրյալ Գոռ Սերգոյի Աղեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է երկու ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 26-ը։
Նշված որոշումներով, մասնավորապես 25.07.2023 թվականի խափանման միջոց կալանքի երկարաձգման որոշմամբ դատարանն իրատեսական և հիմնավոր է համարել, ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Գոռ Աղեկյանը կարող է չկատարել քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալի վրա դրված պարտականությունները, կարող է խոչընդոտել գործի քննությանը, հիմնավորել դա, նրանով, որ մեղադրյալ Գոռ Աղեկյանը և քրեական գործով անցնող անձինք հանդիսանում են համածառայակիցներ, իսկ Գոռ Աղեկյանը զբաղեցրել է հրամանատարի թիկունքի գծով տեղակալ և ըստ էության վկաների և նրա միջև կարող են լինել որոշակի հարաբերություններ, այդ թվում՝ հիմնականում ծառայողական։
Վերոգրյալի հիման վրա, դատարանը փաստում է, որ քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, և դատարանը գործի ելքը որոշող դատական ակտի հիմքում կարող է դնել բացառապես դատաքննության ընթացքում հետազոտված, թույլատրելի, վերաբերելի գնահատված պատշաճ ապացույցները, որոնց մեջ են մտնում նաև վկաների, տուժողների ցուցմունքները, այսինքն եթե գործում առկա թղթային ապացույցների մասով մեղադրյալների ազդեցության ռիսկը լրիվ չեզոքացվել է, նույնը չի կարելի ասել դատարանում հարցաքննման ենթակա անձանց ցուցմունքների մասին, որոնց մի մասը զինծառայողներ են և աշխատանքային/ծառայողական երկարատև հարաբերությունների մեջ են Գ.Աղեկյանի հետ, որպեսզի հանգամանքով պայմանավորված նշված հիմքը դատաքննության տվյալ փուլում դեռևս շարունակում է լինել իրատեսական կալանքի իրավաչափության գնահատման համատեքստում։
Ինչ վերաբերում է Գ.Աղեկյանի առողջական վիճակին, ապա դատարանը արձանագրում է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի որոշմամբ /ՀՀ կառավարության որոշումը կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եվ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին/ սահմանվում է նաև կալանավորված հիվանդների դինամիկ հսկողության ժամանակացույցը և կարգը, հետևաբար պաշտպանական կողմի կասկածները, այն մասով որ Գ.Աղեկյանը ՔԿՀ-ում պատշաճ կերպով բուժսպասարկում չի ստանա զուտ ենթադրություն է, և նշված հանգամանքը գնահատման ենթակա չէ կալանքի իրավաչափության հարցը քննարկելիս։
Պաշտպան Ժորա Համբարձումյանը (այսուհետ նաև՝ Բողոքաբեր) նշել է, որ մեղադրյալ Գոռ Սերգոյի Աղեկյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երեք ամիս երկարաձգելու վերաբերյալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.09.2023թ. որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, չի բխում ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 116-րդ, 118-րդ, 122-րդ, 123-րդ, 125-րդ, 127-րդ հոդվածների պահանջներից, հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սվիպստան ընդդեմ Լատվիայի» գործով 2006թ. վճռին, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:
Ըստ Բողոքաբերի՝ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ հիմնավորումներ չի ներկայացրել հիմնավոր կասկածի առկայության հարցի, ինչպես նաև կալանքի հիմքերի վերաբերյալ մի շարք կարևորագույն փաստական հանգամանքների մասին:
Բողոքաբերը նշել է, որ ըստ ցուցմունքների՝ անհրաժեշտ է եղել համապատասխան զեկուցագիր, որպեսզի տեղադրվի վառարան և այդ վառարանը տեղադրված է եղել այլ անձանց նախաձեռնությամբ, քանի որ Գ.Աղեկյանը նման զեկուցագիր չի ստացել, Գ.Աղեկյանը միայն հորդորել և ասել է, որ էլեկտրական վառարան տեղադրեն, դրան ի հակառակ առանց իրեն զեկուցագիր ներկայացնելու՝ տեղադրել են փայտ կամ ածուխ վառելու վառարան: Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ եթե համապատասխան զեկուցագիր չի ներկայացվում անձին, ապա վերջինս ուղղակիորեն չի կարող պատասխանատու լինել, թե ինչու համար են դրանից հետո տեղադրում համապատասխան վառարան, առավել ևս այն դեպքում, երբ վերջինս ասել է, որ կացարանը նախատեսված է տաքացնել միայն էլեկտրական վառարանով:
Բողոքաբերի պնդմամբ՝ փաստացի մեղադրյալ Գ.Աղեկյանի մասով վարույթն իրականացնող մարմինը կատարել է բոլոր այն անհրաժեշտ գործողությունները, որոնք, ըստ վերջինիս, բավարար ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր են պարունակում, Նման պայմաններում առնվազն ողջամիտ և տրամաբանական չէ գալ այն ենթադրության, որ Գ.Աղեկյանը կարող է քրեական վարույթին մասնակցող անձանց վրա ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտել քննությանը, քանի որ արդեն իսկ բոլոր վկաները և տուժողները լրացուցիչ հարցաքննվել են, ինչպես նաև առերես հարցաքննվել են Գ.Աղեկյանի հետ: Այսինքն, կալանքի տակ պահելու անհրաժեշտությունն արդեն իսկ վերացել է։
Ինչ վերաբերվում է այլընտրանքային խափանման միջոցների թույլատրելիության հարցին, Բողոքաբերն ընդգծել է, որ Դատարանն ըստ էության որևէ հստակ պատճառաբանություն չի ներկայացրել, թե կոնկրետ որ տեսակի այլընտրանքային միջոցները չեն կարող լինել գործուն երաշխիք հանդիսանալ՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Գ.Աղեկյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար:
Բողոքաբերի կարծիքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնային կալանք տեսակի խափանման միջոց կիրառելու արդյունքում փաստացի սահմանափակվում են այլ անձանց հետ հաղորդակցվելը և արգելվում է լքել բնակության վայրը, ուստի Գ.Աղեկյանի ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար տվյալ փուլում էլ ավելի նպատակահարմար է ոչ թե անձին պահել կալանքի տակ, այլ կիրառել տնային կալանք տեսակի այլընտրանքային խափանման միջոցը կամ համակցված խափանման միջոցները՝ տնային կալանք, գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն: Վերոնշյալ բողոքը մերժվել։
Նույնանման բողոք է ստացվել և Վերաքննիչ դատարանի կողմից մերժվել Մառլեն Սարգսյանի, Մառլեն Սարգսյանի, խափանման միջոցի վերաբերությամբ։
Վկաների ցուցմունքները
Դատական նիստերի ընթացքում հարցաքննվել են տասնյակ վկաներ։ Դատական նիստին 2025 թվականի հունվարի 17-ին հարցաքննվոած դասակի հրամանատար Տիգրան Մանասերյանը պատմեց, որ գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը սեր ուներ թմրամիջոցների հետ: Նա պատմեց, որ վերջինիս հետ նույն վարձակալած բնակարանում են ապրել, մի օր արթնացել է արտասովոր հոտից ու գնացել բնակարանի հյուրասրահ, այնտեղ տեսել Հակոբյանին «պիպետկայով» թմրամիջոց քաշելիս:
Մեղադրյալ Եղիշե Հակոբյանը սակայն չի ընդունում իրեն վերագրվող նման արարքները, ինչպես նաև հրդեհը դիտավորությամբ ստեղծելու մեղադրանքները։ Նա նշել է, որ ինքն է փորձել վառել վառարանը, որի ընթացքում բենզինը թափվել է և առաջացել հրդեհ, բայց դա չի եղել դիտավորություն, միակ նպատակը եղել է կացարանը և անձնակազմին տաքացնելը։ Հարցաքննվել է նաև Պաշտպանության նախարարության հակահրդեհային անվտանգության ծառայության նախկին պետը, ով աշխատանքից ազատվել էր հենց դեպքի օրը:
2025 թվականի հունվարի 29-ին ՔԿՀ-ում մեղադրյալ Եղիշե Հակոբյանի հետ հանդիպեց Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։ Նման հանդիպման միջնորդություն ներկայացրել էր Եղիշե Հակոբյանը, Դատարանը բավարարել էր խնդրանքը։
«Մոտ 2,5 ժամանոց հանդիպում է եղել Եղիշե Հակոբյանի հետ: Նա իրադարձության, դեպքին նախորդող ժամանակահատվածի, բուն դեպքի նկարագրության վերաբերյալ, իմ կարծիքով, տվել է մի քանի ուշագրավ տեղեկություններ: Հիմա մենք ուսումնասիրում ենք այդ տեղեկությունների այլ կերպ հիմնավորման, ստուգման տեսակետից: Համապատասխան փուլում նաեւ չեմ զլանա, կներկայացնեմ հանրությանը որոշակի տեղեկություններ, իրավական որոշակի ընթացակարգով համապատասխան միջոցներ կձեռնարկեմ միջնորդությունների կամ այլ վարութային ապացուցողական բնույթի գործողություններ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել էր Նորիկ Նորիկյանը:
Հետագայում նաև հարցաքննվեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը: Նա պատմեց, որ դեպքի օրը լուսաբացին եղել է դեպքի վայրում, մասնակցել զննությանը: Երբ հասել է դեպքի վայր՝ դիակներն արդեն տեղափոխված են եղել, հրդեհը մարված է եղել: Ըստ նախնական եզրակացության՝ Ազատի կացարանում զինծառայողները մահացել են շմոլ գազից, սակայն փորձագետի խոսքով, կացարանի վառարանը չէր կարող շմոլ գազ առաջացնել։
Հարցաքննության ընթացքում զորամասի մարտական հերթապահության գծով տեղակալ, գործով վկա Ռադիկ Գեւորգյանը հայտնել է, որ դեպքից երկու օր առաջ ռազմական ոստիկանությունը կացարանում հայտնաբերել է սմարթֆոն, պարզել, որ զինվորները թմրանյութերի առք ու վաճառքի տելեգրամյան ալիքով են հետաքրքրված: Այդ բացահայտումից հետո, ըստ հրամանատարի, բոլորի հեռախոսները հավաքել են, որոշում է ընդունվել, որ հաջորդ օրը կամազով բոլոր զինծառայողներին դատաբժշկական փորձաքննության կտանեն:
Հրամանատարը նաեւ պատմել էր, որ Եղիշե Հակոբյանը ընտանեկան խնդիրներ է ունեցել, եղել է խառը, թափթփված, շեղված: Վկայի խոսքով, այլ անձանցից լսել է, որ Եղիշեն հաշիշ էլ է օգտագործում, բայց ինքն անձամբ չի տեսել: Եղիշեն զորացրվելու զեկուցագիր է գրել՝ հայտնելով, որ չի կարող այլեւս ծառայել, խառն է, ու որոշվել էր՝ դեպքից հինգ օր առաջ պետք է տեղափոխվեր կամ զորացրվեր:
Զորամասի հրամանատարի պատմելով՝ երբ հասել է դեպքի վայր, տեսել է՝ տանիքը վառվելով թափվում էր, իսկ Եղիշե Հակոբյանը գոռալով լացում էր, չէր խոսում. «Ես վազեցի որ մի տեղից ներս մտնեմ, երեխեքին հանեմ»: Դիերի դուրսբերման գործընթացին անդրադառնալով՝ վկան ասաց, որ այն իրականացվել է հրշեջների կողմից. «Մի դրվագ եմ տեսել, որ այնքան ահավոր էր, որ շաքարս ահավոր բարձրացավ, ես էլ եմ վատացել, ահագին ժամանակ բժիշկները դեղ են տվել: Հրշեջներն էին դիերը հանում»: Հարցին, թե զինվորների դիերն ինչ դասավորությամբ են եղել, հարցաքննվող հրամանատարը պատասխանեց. «Ոչ մեկը քնած չի եղել, մի հոգի է մահճակալի վրա եղել: Տարբեր տեղեր են եղել, մեկը ինչ-որ վառարանի մոտ է եղել վառված, մյուսը լուսամուտի մոտ, նույնիսկ մի երկուսը դոշակներով փաթաթված էին»:
Գործով դատական նիստերը շարունակվում են, արդեն շուրջ երեք տարի։ Նշանակված վերջին նիստը կայացել է դեկտեմբերի 5-ին։