Նիկոլի՝ Արցախի հանձնման մեթոդիկան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀասկանալով երկրում տիրող ազգակործան քաղաքականությունը, շատ է խոսվել այն փաստի մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքում անկյունաքարային նշանակություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաներն ու տարբեր քաղաքական հնարքները, որոնց նա դիմում է բավական հաճախակի, հատկապես այն դրվագներում, երբ հասկանում է, որ իշխանության պահելու հարցն առաջնային է ու անխուսափելի։
Ըստ էության՝ քաղաքական մանիպուլյացիայի բոլոր միջոցները հիմնված են զանգվածային գիտակցության մեջ սոցիալական առասպելների ստեղծմանը և իրականացմանը, այսինքն՝ գաղափարների, մանիպուլյացիա կատարողների շահերի հաստատումը, ընդունելով, որ մեծամասնությունը հավատում է այդ ամենին: Կարող է թվալ, որ կույր հավատի դարաշրջանի առասպելները վաղուց գնացել են, բայց ամենօրյա քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ դա այդպես չէ:
Գաղտնիք չէ, որ հայաստանյան հանրությունը բավական փոքր է և չափից շատ գերքաղաքականացված, և հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրվա իշխանությունների յուրաքանչյուր գործողություն դառնում է օրվա քաղաքական լրահոսի առանցքային թեմաներից մեկը։
Վերջին օրերին Նիկոլն Արցախի հանձնման գործընթացի բեգրաունդն է իրակացնում և, ինչպես տեսնում ենք, ամեն ջանք ու հնարք անում է՝ սկսած գործընթացը վերջնարդյունքի հասցնելու համար։ Գրեթե յուրաքանչյուր պատեհ առիթի՝ լինի դա կառավարության նիստ, ասուլիս, թե ԱԺ ամբիոն, տարբեր ձևակերպումներով, տարբեր մանիպուլյացիաներով կրկնում էր հակաարցախյան բոլոր այն թեզերը։ Եթե կարճ ասենք՝ Փաշինյանի խոսույթում առկա, թերևս միակ ասելիքը՝ Արցախը հանձնելու, Արցախից հրաժարվելու մասին է (ի դեպ այս հարցում թիմի աջակցությունն ակնհայտ է․ շեֆին չեն թողնում միայնակ)։
Հատկանշական է այն, որ Նիկոլն իր բուն ասելիքում ու հասեցական ուղղված մեսիջներում ընդհանուր գծերով, սովորական ձևակերպումներով ամեն առիթի խոսում է «քանդվող աշխարհակարգի», «նոր աշխարհակարգում ՀՀ ազդեցության բացակայության, գլոբալ միջավայրի մասին»՝ այդ համատեքստում կրկնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այն ստանդարտ նախադասությունները, որ հնչեցնում է կառավարության բոլոր նիստերում։
Այստեղ շատ կարևոր է անել հետևյալ արձանագրումը․ Փաշինյանը, լինելով մանիպուլյացիայի մեծ գուրու կարողանում է Արցախի հանձնման գործընթացը տարբեր առիթներով փաթեթավորել խճճված ու մարդկանց կողմնորոշումը ցրող թեզերի տիրաժավորմամբ։ Օրինակ մի դեպքում նա ընդհանուր իրավիճակի բարդությունն ու անհնարինությունը ներկայացնում է ու շատ սահուն անցում կատարում ՀՀ «տնտեսական հաջողություններին»։ Հենց այստեղ նա միանգամից կորցնում է իր ինքնատիրապետումն ու ցցումային ոգևորությունը չթաքցնող ձայնով թվարկում ՀՀ տնտեսական հաջողությունները․ մասնավորապես նա միանգամից սկսում է «աննախադեպերի ու պատմականների» շարանները և սկսում հատիկ-հատիկ դրանք մատուցել մարդկանց։ Դուք բոլորդ դրա մասին, վստահ եմ, լսել եք քանիցս՝ «հարկային հավաքագրումների գերակատարում», «ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացում», «171 հազար նոր աշխատատեղ», «34.469 դրամով աշխատավարձի բարձրացում», «507 հազար դրամ ստացող ուսուցիչ», «բանակում շարքային զինվորականներ, որոնք ստանում են մինչև 559 հազար դրամ աշխատավարձ», «նվազագույն կենսաթոշակը մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին», և նմանօրինակ ցինիկ ձևակերպումներ։
Ահա այս ստի ու կեղծիքի վրա Փաշինյանը 5 տարի մատուցում է սեփական քմահաճույքները, դրանք ներկայացնելով բացառապես սեփական պրիզմայից, իսկ, երբ տեսախցիկներ չեն լինում, կամ իշխանության այս կամ այն ներկայացուցչին թվում է, թե «լայվ» չկա, սկսում են անկեղծանալ ու բարձրաձայն ասել, որ ամեն ինչ այդքան էլ այնպես չէ, որ ներկայացվում է մարդկանց, որ ասֆալտն իզուր է արվում, որ ՄԺԾԾ-ն չեն հասցնում, բյուջեով նախատեսվող հատկացումներն անգամ կիսով չափ չեն իրականանում։
Արմեն Հովասափյան