Բովանդակային խոսքի սպասումով․ ընդդիմությունը ռեստարտի կարիք ունի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի խորհրդարանական ընդդիմությունը երեկ վերջապես իրականացրեց իր հանրահավաքը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները օրեր շարունակ տարփողում էին, թե այդ հանրահավաքով դնելու են փաշինյանական իշխանության վերջի սկիզբը, հեռացնելու են Նիկոլ Փաշինյանին, փրկելու են Արցախը։ Հավակնոտ, սակայն բովանդակազուրկ այդ հավաքը իրականում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության տվյալներով հավաքեց ընդամենը 11000 մարդ։ Խորհրդարանական ընդդիմությունը, իհարկե, կարող է այլ թվեր ասել, սակայն վերջին շրջանում հանրությունը հրաշալի գիտակցում է, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ճգնաժամային, ծայրահեղ ծանր վիճակում և ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան անհրաժեշտություն է։ Սակայն անհրաժեշտություն է նաև նոր որակի խոսք, նոր բովանդակություն։
Ըստ էության, երեկ Ազատության հրապարակում հավաքվածները լսեցին նույն կարգախոսները, հնչեցրեցին կամ չհնչեցրեցին նույն վանկարկումները, լսեցին նույն բանախոսներին։ Խորհրդարանական ընդդիմությունը փոքր-ինչ սպառել է իրեն, այլևս չի կարողանում գտնել հանրության «սրտի բանալին»։ Լավ է, թե վատ հարցին կարելի է պատասխանել միանշանակ, իհարկե, վատ է։ Վատ է, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում համախմբել իր կողքը լայն զանգվածներին, որպեսզի կարողանա ստիպել իշխանությանը հետ կանգնել իր «Խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգից, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները ի վնաս Հայաստանի լուծելու գայթակղությունից։ Նիկոլ Փաշինյանի համար սա ևս մեկ առիթ դարձավ ընդամենը դրսում ցույց տալու, թե Հայաստանում քչերն են դժգոհ ստեղծված իրավիճակից և դա օգտագործի նաև բանակցություններում, որոնք կայանալու են Շառլ Միշելի մասնակցությամբ՝ արդեն այսօր։
Իսկ խորհրդարանական ընդդիմությունը ստիպված է նոր որակի խոսք, նոր բովանդակություն որոնել որպեսզի կարողանա իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այլապես այս հռետորաբանությամբ և այս քաղաքականությամբ նրան շատ խիստ դժվար կլինի։ Իշխանական քարոզիչները պնդում են, թե բազմաթիվ ձեռնարկություններ, նախկինների հետ կապված ընկերություններ, իրենց աշխատակիցներին ստիպողաբար են բերել հանրահավաքին։ Թերևս այս պնդումը հեռու է իրականությունից, 11000 մարդ դժվար չէր հավաքել Ազատության հրապարակում։ Ցավն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը ի վիճակի չի լինում նույնիսկ երկրի համար օրհասական պահին հավաքել ավելի շատ մարդ, որպեսզի ցույց տա, որ Հայաստանում կա մի հսկա զանգված, որը դեմ է փաշինյանական իշխանության ծայրահեղական և ապազգային մոտեցումներին։
Սմբատ Համբարձումյան