«...եկավ, մեջքը գրկեց,հետո գնացին թթի ծառի տակ...» Մուսկուլ Հենդոյի և թիթիզ Մելուշի սիրառատ պատմությունը գյուղական մոտիվներով
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀենդոն, Մելուշն ու ինովացիոն տեխնոլոգիաները
Հենդոն գերանդին մի կողմ դրեց, քայլեց դեպի անծայրածիր արտի միակ ծառը՝ թթենին: Ծառի տակ փոքր սեղան ու փայտե թախտ կար, թինգը տվեց թախտին ու Log in եղավ ֆեյսբուք: Նոթիֆիքեյշնների ծնգ ծնգոցը բռնեց շուրջբոլորը, մի պահ խլացնելով ճնճղուկների ծլվլոցը:
«Իսկական հայը պիտի...» feeling crazy in dasht, sweet dasht with gerandi,- ստատուս ճպպցրեց ֆեյսբուք ու ինքնագոհ ժպիտով սկսեց հետևել Պաթոս գյուղցի ֆռենդության լայք ու քոմենթներին:
Օդնոկլասսնիկը ծնգաց, Մելինեն էր (օդնոյում՝ Melushik Syu), Հենդոյի կյանքի միակ սերը, ով էդպես էլ չկարողացավ Ֆեյսբուքի հետ հարմարվել: Հենդոյի ու Մելինեի կռիվը մենակ էդ էր, ամբողջ օրն ասում էր ամոթ ա, էլ ով ա էս թվին ադնակլասսնիկ մտնում, հիմա դրա կապույտն են արդեն հնարել, մենակ մի բան ա վատ, որ գոսծի չկա, բայց դե դրա տեղ հազար բան էլ լավ ա, կարաս մտնես Բլոգնյուզ, կարդաս տենաս քո ամենասիրելի երգչուհու սիրած տղեն դեռ էն գնչուն ա, թե ուրիշ ա ճարել, Սոնա Շահգեկդյանի մորաքույրը հո ուրիշ երգչուհու չի անպատվել վերջերս: Ինքը Ֆեյսբուք առաջին անգամ ոտք էր դրել երկու տարի առաջ, երբ ՆԻժնի Վառտըվսկ խոպան էր: Կածյան էր սովորացրել, մանկության ընկեր Մերուժի կինը:
-Այ տղա հեսա պերերիվ եմ բերում քեզ, մածունը փռթեմ նոր բերեմ, թե՞ բերեմ տեղ փռթեմ:
-Բեր ստեղ փռթի կյանքս, համ էլ երկար կմնաս մոտս,- նամակն ուղարկեց ու դեմքին մի ժպիտ իջավ՝ երջանի՜կ, իրանց Անդրեյ ցլի ժպիտից, որ էդպես ժպտում էր, երբ մոտը կով էին բերում խաչասերելու:
-Հողեմ շաշ տերդ, կյանքսը որն ա՞, հազար հետ ասեցի էդ իմպռտնի բառերը մի օգտագործի ֆեյսբուքից, ես Մուսկուլ Հենդոյիս, թիթիզ Մելուշն եմ:
-Հետամնաց անտեր, երբ ե՞ս գալու, կհասցնե՞մ մի պալաս էլ հնձեմ:
-Հա կհասցնես, փոմփոլիկով կարմիր հավին եմ սպասում, երեկ մի հատ ձու ա ածել, էսօր էլ հենա նստած ա, ածի, վերցնեմ խաշեմ բերեմ մարդս ուտի, գրող քեզ, էդ հավի ձվից սկի երեխանցը չեմ տալի :
-Օկ,- գրեց Հենդոն ու վեր կացավ տեղից, հընթացս մի գերանդիով սելֆի ճպպցնելով պատին`«Ես գերանդիով եմ, բայց ես մահը չեմ, կյանքն եմ... հա բայց ասեք, որ կյանք եմ իրոք :) »:
Պալասի վերջին էր հասել, որ հեռվում նկատեց Մելուշին, ձևացրեց, թե գործով ընկած չի նկատել. դուրը գալիս էր, որ կինն իբր միամիտ, գալիս էր մեջքը գրկում:
Մելուշն եկավ, մեջքը գրկեց, ինչպես Հենդոն էր մտածել, հետո գնացին թթի ծառի տակ, իսկ այն ինչ եղավ հետո, պարզապես հուզիչ է, որը ոչ իմ գործն ա, ոչ էլ Ձեր...
Պատմվածքի հեղինակ` Գագիկ Մամուլյան