Տնական աղջիկ եմ դառել, կարամ ամուսնանամ. Արմինեն ապագայի մասին համարձակվում է խոսել միայն հումորով
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեւանցի 30-ամյա Արմինեն (անունը փոխված է) կանանց գաղութում է արդեն երկու տարի: Զրույցի ընթացքում անազատության դժվարությունների ու ափսոսանքի մասին հարցերին չի պատասխանում։ Նախընտրում է կենտրոնանալ այն բաների վրա, որոնք նրան տվել է անազատությունը։ Այլընտրանքի բացակայությունը սովորեցրել է փիլիսոփայորեն մոտենալ իր կարգավիճակին։
«Չեմ ափսոսում էնքանով, որ ստեղ լինելով շատ բան սովորեցի: Էս հիմնարկը քեզ թույլ ա տալիս կյանքին նայել ավելի ռեալ, ստեղ ավելի շատ ես զգում քո լավն ու վատը»,- ասում է թմրամիջոցների վաճառքի համար ազատազրկված կինը։
Քրեակատարողական հիմնարկում նա 28 տարեկանում առաջին անգամ կար է արել, հագուստ արդուկել, ճաշ եփել։
«Չէի կարողանում արդուկ անեի, մի հատը վառեցի, հետո զգացի, որ շաբաթ-կիրակի ա, չեն կարա տնից բերեն, ստիպված կարեցի վառածը, որ հագնեմ, մինչեւ նորը բերեն: Տենց մեկ, երկու, երեք, սովորեցի ամեն ինչ անել»,- պատմում է Արմինեն ու արդեն հումորով ավելացնում. «Հիմա լրիվ տնական աղջիկ եմ դառել, կարամ ամուսնանամ»։
Արմինեն գաղութում սովորել է նաեւ հող մշակել, բանջարեղեն ցանել, անգամ զոդել։
«Սվարշչիկություն եմ սովորել, ցեմենտ բետոնից եմ հասկանում: Դրսում բահ բռնած չկայի, ստեղ բռնեցի ու դուրս շատ եկավ, երեւի գյուղ հարս գնամ»,- ծիծաղում է նա։
Արմինեին մեկ-մեկ էլ իր՝ մերսողի մասնագիտությունն է պետք գալիս գաղութում։ Բայց ավելի շատ դատապարտյալ կանանց շրջանում պահանջված են դերձակն ու վարսահարդարը։ Արմինեն գաղութում իրեն ավելի շատ է հետեւում, քան դրսում. այստեղ անելու շատ բան չկա։
«Եթե նայեք մեր գործերի նկարներին ու հիմա, տարբերությունը կզգաք: Ով սկզբում եկել էր, շատ գեշ էր, իսկ հիմա բոլորը գեղեցկացել են, մազերը ներկել են, շպարվում են»,- պատմում է նա:
Ապագայի պլանների մասին հարցերը նույնպես Արմինեի սրտով չեն։ Անազատության մեջ երկար ապրելուց հետո, ասում է, սկսում ես վախենալ ազատությունից։ Արմինեն լավ է հասկանում` ինչ է իրեն սպասում դրսում։ Նա տեսել է` ինչպես են ապագայի լուսավոր պլաններ կազմած իր խցակիցներն ամիսներ անց կալանավայր վերադառնում։
Արմինեի ուզածը շատ բան չէ` աշխատանք, սեփական փոքրիկ անկյուն, հետագայում ընտանիք։ Բայց գիտակցում է, որ շատ դժվար, գրեթե անհնար է լինելու։ Եթե նույնիսկ ընտանիքն իրեն ընդունի, հասարակությունը մերժելու է։
Այնուամենայնիվ, մյուս բոլոր բանտարկյալների նման Արմինեն էլ գերադասում է հավատալ, որ ինքը մյուսներից ավելի հաջողակ եւ ուժեղ է լինելու։