Աղավնոն հանձնվում է համակարգային ձևով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄինչ Երևանում փորձում են վերացնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետքերը, իսկ իշխանությունները այլևս սկսել են Երևանի քաղաքապետի ընտրության քարոզարշավը ողբերգության ֆոնին, մեկ այլ ողբերգություն էլ շարունակում է տեղի ունենալ Քաշաթաղում։ Աղավնո և Բերձոր բնակավայրերը առաջիկայում ամբողջությամբ կհանձնվեն Ադրբեջանին՝ գրեթե անվնաս։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը օրեր առաջ ընտանիքի հետ տեղափոխվել է Աղավնո և փորձում է պահել գյուղը, երեկ հայտարարել է, թե Աղավնոն լքել են բազմաթիվ քաղաքացիներ, սակայն մուտք գործած քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է լքողների թիվը։ Այդուհանդերձ Աղավնոյում գտնվող անձանց թիվը բավարար չէ, որպեսզի իրենք կարողանան բեկել գործընթացի տրամաբանությունն ու էությունը։
Ըստ էության, Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն խփում Աղավնոն և Բերձորը պահելու ուղղությամբ, ավելին համակերպվել են ադրբեջանական պահանջների հետ։ Գրեթե նույն վիճակում են նաև Արցախի իշխանությունները, որոնք ընդամենը հայտարարություններ են տարածում, թե տեղահանվող բնակավայրերից հեռացողներին սոցիալական աջակցություն են հայտնելու։ Ըստ էության, Աղավնոյում բացակայում են նաև ընդդիմադիրները, որոնց համար թերևս հեշտ էր փաշինյանական վարչախմբի դեմ պայքարեն Երևանի ասֆալտի վրա, սակայն չեն ցանկանում երկար տարածություն կտրել, հայտնվել տեղահանվող Աղավնոյում և Բերձորում և իրենց աջակցությունը հայտնել հերթական ողբերգության առջև հայտնված անձանց։
Սուրեն Պետրոսյանի խոսքով, իրենք ունեն բավականաչափ ժամանակ, և եթե Աղավնոյում լինի 300-ից 500 մարդ, ապա կկարողանան բեկել Աղավնոն հանձնելու ընթացքը։ Բնավ չենք կարող կիսել այս լավատեսությունը, քանի որ Աղավնոն ու Բերձորը հանձնում են համակարգված ձևով, և իշխանությունները որևէ կերպ չեն աջակցելու բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են կանգնեցնել այդ արատավոր ընթացքը։
Այդուհանդերձ, ինչ-որ բան առնվազն պետք էր ձեռնարկել, որը սակայն այդպես էլ չի իրականացվում, և կարճ ժամանակ անց Երևանում կամ Ստեփանակերտում կհայտնվեն «Աղավնո», «Բերձոր» ռեստորաններ կամ հյուրանոցներ, և հերթական անգամ կխմեն այդ տարածքների վերադարձնելու կենացը, սակայն որևէ մեկը մատը մատին չի խփում այսօր։
Կարեն Ղազարյան