Ուշ, բայց ոչ ուշացած․ ընդդիմությունը փորձում է ոտքի կանգնել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱպրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Հանդիպման մասին տեղեկությունը, հատկապես հայ-ադրբեջանական սահմանում և շփման գծում սրման ֆոնին, շանթահարեց հանրությանը։
Մարդիկ, որոնք հստակ գիտակցում են, որ փաշինյանական վարչախումբը պատրաստ է ցանկացած ապիկար և դավաճան գործողության միայն թե իր իշխանությունը պահի, լուրջ մտավախություն ունեն, որ այս հանդիպմանը հնարավոր են վտանգավոր զարգացումներ Հայաստանի համար, հատկապես այժմ, երբ Ռուսաստանի թուլացման պայմաններում գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստան են գալիս Արևմուտքի տարբեր էմիսարներ՝ ներկայացնելու իրենց մոտեցումները տարբեր հարցերի շուրջ։
Պայքարը, իհարկե, ռեսուրսների, հատկապես՝ ադրբեջանական նավթի համար է։ Եվ Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ ամեն ինչ անում են, որպեսզի ադրբեջանական նավթը և դրա տարածման հնարավորությունները հանեն Ռուսաստանի վերահսկողությունից, և իրենք վերահսկեն դրանց վաճառքի ծավալները։ Ըստ էության, ձեռքերը փորձում է ծալած չնստել նաև հայաստանյան ընդդիմությունը։
Ապրիլի 5-ի երեկոյան ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում։ Ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցությունն էլ հայտարարել է հանրային երկխոսություն սկսելու իր նոր նախաձեռնության մասին, փորձում են տեղերում ակտիվացնել մարդկանց, բացատրել, թե ինչ սպառնալիքներ և վտանգներ են կախված Հայաստանի գլխին։
Ասել, որ ընդդիմության այս «վերակենդանացումը» ուշացած է, ավելորդ է։ Ընդդիմությունը պարտավոր էր այս պայքարը փաշինյանական վարչախմբի դեմ ակտիվացնել շատ վաղուց, սակայն ունենք այն, ինչ ունենք, և այժմ էլ հանրությունը պարտավոր է կանգնել ընդդիմության կողքին և ելքեր գտնել Հայաստանի դեմ նյութվող նոր դավադրությունը կանխելու համար։ Այլապես, ինչ-որ մեկ օր արթնանալուց հետո, հայ ժողովուրդը կպարզի, որ Փաշինյանը հերթական փաստաթուղթն է ստորագրել՝ ի վնաս Հայաստանի և Արցախի։ Եվ պոստ ֆակտում արձանագրումներ անելն այլևս որևէ կերպ չի օգնի իրադրությանը։
Արմեն Երեմյան