6 արդյունավետ բնական միջոց զարկերակային գերճնշման դեմ պայքարի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶարկերակային գերճնշումը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը մշտական վերահսկողության տակ չպահելու դեպքում կարող է դառնալ մի շարք լուրջ ախտաբանությունների, այդ թվում՝ գլխուղեղի կաթվածի, սրտանոթային խնդիրների ու երիկամների հիվանդությունների զարգացման պատճառ։ Հայտնի է, որ այս խանգարման զարգացմանն են նպաստում ներզատական համակարգի գեղձերի գործառույթների խանգարումը, երիկամների հիվանդությունները, ծխախոտի գործածությունը, սննդակարգում մեծ քանակությամբ կերակրի աղի գործածությունը, սթրեսները, քնի պակասը, կենտոնական նյարդային համակարգի տրավմաներն ու ժառանգական նախատրամադրվածությունը։ Զարկերակային գերճնշումը կարող է շատ երկար ժամանակ զարգանալ առանց լուրջ ախտանշանների՝ մնալով աննկատ ու կործանարար ազդեցություն ունենալով օրգանիզմի վրա։
Զարկերակային գերճնշման ախտորոշման դեպքում մասնագետները որպես կանոն նշանակում են արյան ճնշումը կարգավորող հատուկ դեղամիջոցներ, սակայն մասնագետները վստահ են, որ զարկերակային ճնշումը վերահսկողության տակ պահելու և ճնշման տատանումները կանխելու ամենակարևոր նախապայմանը սննդային սովորությունները կարգավորելն է, ինչպես նաև սննդակարգում ճնշման նվազմանը նպաստող մթերքի ու ըմպելիքների ներառելը։ Բացի այդ, կարելի է կիրառել նաև ճնշումը կարգավորող բնական դեղամիջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, որքան դեղատնային միջոցները, սակայն ի տարբերություն դրանց չեն առաջացնում կողմնակի բարդություններ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի փորձված բաղադրատոմս, որոնք համարվում են զարկերակային ճնշումը կարգավորող լավագույն բնական միջոցները, ուստի նման խնդրի դեպքում դրանք դրանք կիրառելը կարող է շատ օգտակար լինել։ Նման բնական դեղամիջոցները կարող են հիանալի միջոց լինել ինչպես ճնշման տատանումների կանխարգելման համար, այնպես էլ անսպասելի բարձրացած ճնշումը նվազեցնելու համար, իսկ բնական բաղադրության շնորհիվ նաև հավելյալ օգուտ կտան օրգանիզմին։
- Խառնել հավասար քանակությամբ սևապտուղ արոսենու չորացրած հատապտուղներն ու ալոճենու պտուղները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել եռման ջուր ու 8 ժամ թրմել թերմոսի մեջ։ Պատրաստի թուրմը քաղցրացնել մեղրով և խմել որպես թեյ։
- 1 ճաշի գդալ դաշտային երեքնուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, որից հետո քամել։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ⅓ բաժակ։ Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ, որից հետո հարկավոր է մեկ ամիս տևողությամբ դադար անել և կրկնել կուրսը։
- 1 ճաշի գդալ սամիթի պտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 10 րոպե, որից հետո թրմել կես ժամ։ Պատրաստի թուրմը քամել և խմել օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան կես բաժակ։
- Խառնել երկուական ճաշի գդալ կղմուխ Հեղինեի մանրացրած արմատներն ու լվածաղկի ծաղիկները, այնուհետև խառնուրդի 1 թեյի գդալին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 2 ժամ թրմել թերմոսի մեջ և քամել։ Թուրմը հարկավոր է ընդունել ուտելուց երկու ժամ առաջ օրական 3 անգամ ⅓ բաժակ։ Բուժման կուրսը տևում է 14 օր։
- 2 ճաշի գդալ մասուրի պտուղներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր ու թրմել, այնուհետև քաղցրացնել ըմպելիքը մի փոքր մեղրով, բաժանել 2 մասի և ընդունել օրվա ընթացքում։
- 1 ճաշի գդալ սև հաղարջի չորացրած հատապտուղներին ավելացնել եռման ջուր, 40 րոպե թրմել թերմոսի մեջ և խմել քնելուց առաջ։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են և ճիշտ գործածության դեպքում կօգնեն մոռանալ զարկերակային ճնշման տատանումների մասին, սակայն հարկ է հիշել, որ ցանկացած բնական դեղամիջոց օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բուժող բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ aif.ru