Արցախի բարդագույն կոնգլոմերատը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲացի խայտառակ նոյեմբերյան համաձայնագիրը, հստակ պետք է փաստենք, որ Արցախում ստեղծվել է բավականին բարդ քաղաքական կոնգլոմերատ։ Արցախի նախագահի պաշտոնում մնացած Արայիկ Հարությունյանը մեկ տենդաբար Հայաստան է գնում աջակցության համար, մեկ դիմում սփյուռքին փողի համար, մեկ էլ հանդիպումներ անցկացնում Արցախի բնակիչների հետ՝ խոստումներ տալով ու փորձելով իր վրայից մաքրել մեղքը։ Արցախում մարդիկ վաղուց արդեն չեն հավատում խոստումներին, բայց հարց են տալիս՝ ի՞նչ կլինի վաղը և ո՞վ է պաշտպանելու իրենց իրավունքները։
Սոցցանցերում գրում են, որ Արայիկ Հարությունյանը հանդիպումների ժամանակ ասում է, որ դժվար որոշումները դեռ առջևում են, բայց ինքը, իբր, ոչինչ չի ստորագրելու, որը դեմ կլինի «մեր ժողովրդին»։ Հարությունյանի խոսքն ընկալվում է որպես նախազգուշացում, որ հիմա իրեն «ստիպում են» ինչ-որ նոր բան ստորագրել։ Հարց է առաջանում՝ է՞լ ինչ դժբախտություն են նախապատրաստում Արցախի համար այս հակահայ իշխանությունները։ Գլխավոր հարցը բանակն է։ Արցախը կունենա՞ իր բանակը։
Ստեփանակերտում ասում են, որ Ռուսաստանն ի դեմս խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Մուրադովի փորձում է «համոզել» Հարությունյանին, որ բանակ պետք չէ, և մի վայրում չի կարող երկու բանակ լինել։ Չնայած Հարությունյանը շատ ավելի մեծ բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է, քան գեներալ Մուրադովի բրիգադը, բայց նա լուռ հետևում է ռուս գեներալի հրամաններին (սկզբունքորեն այլ կերպ չի կարող անել)։ Իրականում այն, որ բանակի հարցն ուզում են լղոզել, վկայում է նաև նոր որոշումը, որի մասին արդեն հայտարարվում է Արցախում։ Խոսքը աշխարհազորի ստեղծման մասին է, որում ընդգրկվելու են մինչև 58 տարեկան աշխատունակ տղամարդիկ։ Նրանք կանգնելու են դիրքերում ու պահելու են սահմանները, ռուսական զորքերի դիրքերի կողքին։ Բայց եթե փող կա, ավելի լավ չի՞ պրոֆեսիոնալ բանակ պահել, այլ ոչ թե աշխարհազորայինների։ Հետաքրքիր է՝ ո՞վ է ստիպում Արցախի ղեկավարությանը հրաժարվել սեփական բանակից։
Օրերս Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ այժմ պատերազմի հավանականությունը հասցված է նվազագույնի, չնայած ռուս խաղաղապահները մանդատ չունեն։ Նա կարծում է, ընդհակառակը, որ Արցախին պետք է ուժեղ բանակ, բայց ողջ բնակչությունը պետք է ծառայի։ Նոյեմբերի 9-ին Պուտինի գրած հայտարարությունում, որը Հայաստանն ու Արցախը կատարել են, անգամ չի քննարկվում, ոչ մի բառ չկա Արցախի բանակի մասին։ Խոսքն ընդամենը հայկական բանակի դուրսբերման մասին է 3 շրջաններից։ Ինչո՞ւ է Արցախի ղեկավարությունը փորձում ընդառաջ գնալ ռուս գեներալին, որն անգամ մանդատ չունի, և լուծարել սեփական բանակը։ Դրանից հետո Ստեփանակերտն ինչպե՞ս է պնդելու իր սուբյեկտայնությունը։ Թե՞ արդեն սուբյեկտայնությունից էլ ենք հրաժարվել։ Ըստ էության, թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում գեներալ Մուրադովի հանձնարարությունների կատարումը բացատրում են միայն մի փաստարկով՝ կարող է պատերազմ սկսվել։ Բայց մարտական գեներալ Բալասանյանն ասում է, որ հիմա պատերազմի հավանականությունը նվազագույն է։
Անդրանիկ Կիրակոսյան