Կուլիսներում մնացած լիդերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓաստացի, այսօր Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտում առկա են երկու տեսակ գործիչներ. գործիչներ, որոնց գնացքը գնացել է, գործիչներ, որոնց գնացքը դեռ չի եկել: Ըստ էության` չենք տեսնում մի գործչի, որ ընթացող գնացքի մեջ լինի: Իսկ իշխանության գնացքի մեքենավարական խցում նստածը ուշակորույս է, չի գիտակցում, որ գնացքից դուրս թռչելու ժամանակն է: Փոխարենը գնացքն է դուրս թռել գծերից: Հիմա, ըստ էության, Վազգեն Մանուկյանը հայտնի դարձավ 88-ի փետրվարին Թատերական հրապարակում հնչեցրած մեկ աֆորիզմով` չկան մշտական բարեկամներ և չկան մշտական թշնամիներ: Ղարաբաղյան շարժման հանրահավաքներում Մանուկյանը վայելեց համակրանք` ընդունվելով որպես հույժ խելացի անհատականություն, և դարձավ շարժման լիդերը: Նրա հեղինակած «Գնացքից թռչելու ժամանակը» տեսլականը ընդունվեց որպես ՀՀՇ ծրագիր: Այդ օրերին Մանուկյանն ընկալվում էր որպես ՀՀՇ-ի ուղեղ: Դրանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը թափանցեց «Ղարաբաղ» կոմիտե: Տեր-Պետրոսյանը, շնորհիվ իր խարիզմայի, բանասերի լիրիկ խառնվածքը հակադրելով մաթեմատիկոս Մանուկյանի չոր ու հատու ոճին, կարողացավ ելույթից ելույթ ավելի մեծ համակրանք վայելել ինչպես ազգային զարթոնք ապրող հասարակության մեջ, այնպես էլ «Ղարաբաղ» կոմիտեում: Իսկ 90 թվականի տարեսկզբին, երբ արդեն պարզ էր Խորհրդային Հայաստանի քաղաքական ընթացքը, «Ղարաբաղ» կոմիտեի ներսում սկսեցին ապագա պաշտոնները տեղաբաշխել, անձնավորել: Այդ ժամանակ լիդերության տիտղոսը վիճարկելի էր, երկլիդերություն էր` Տեր-Պետրոսյան-Մանուկյան:
Տեր-Պետրոսյանին բաժին ընկավ ապագա Գերագույն խորհրդի նախագահի աթոռը, իսկ Մանուկյանը զբաղեցնելու էր վարչապետի պաշտոնը: Այդ ընթացքում Վազգեն Մանուկյանը որպես վարչապետ աշխատեց մեկ տարի երեք ամիս: Չհաշտվեց Տեր-Պետրոսյանի հետ, չհամակերպվեց երկրորդ համարով ներկայացող գործչի կարգավիճակի հետ: Հրաժարական տվեց և դարձավ ընդդիմություն: Պատերազմի ամենածանր հատվածում Տեր-Պերոսյանի առաջարկով Մանուկյանը ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Ազատության հրապարակի ընդդիմության հավաքին հայտարարեց, թե՝ ժողովուրդ, ինձ պատասխանատու պաշտոն են առաջարկել, և ես պարտավոր եմ գնալ, ու գնաց: Նշում են, որ 11 ամիսների ընթացքում Մանուկյանը վճռեց պատերազմի հաղթական ընթացքը, բայց դա մնաց ստվերում, քանի որ Տեր-Պետրոսյանը նրան փոխարինեց Վազգեն Սարգսյանով:
1996 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմությունը Վազգեն Մանուկյանին հռչակեց միասնական թեկնածու: Այնքան էլ ժողովրդի սրտով չէր բանի փափուկ արվեստն իրենը չհամարող Մանուկյանը, բայց վստահեց միավորված ընդդիմությանը, քանի որ ամեն կերպ ուզում էր, որ Տեր-Պետրոսյանը հեռանա: Գուցե բոլորովին ա՞յլ Հայաստան լիներ Մանուկյանի նախագահության տարիներին, գուցե Վազգեն Սարգսյանն այսօր ո՞ղջ լիներ եւ չլիներ ազգային հերոս: Գուցե Արցախի խնդի՞րն էլ վաղուց եւ այլ կերպ լուծված լիներ: Բայց Մանուկյանի այդ գնացքն արդեն մեկ անգամ գնացել է, արդյոք կհաջողվի՞ նրան երկրորդ անգամ գնացքը բերել կայարան, նույն գետը մտնել եւ չլինել ժամանակավրեպ: Հավատանք, որ չենք ունենալու նոր վրեժ լուծող, իր անձը առաջինն ու միակը տեսնող, այլակարծության հետ հաշվի չնստող, միասնությունը փոշիացնող, արտաքին աշխարհի հետ հարաբերություններ փչացնող մեկը, նորը: Վստահենք նրա փորձառությանը, կայուն ինտելեկտին, պատկառելի տարիքին, որ շրջահայաց կլինի եւ երկրի մեջքը ճկուն կերպով կշտկի:
Անդրանիկ Կիրակոսյան