Արցախի հարցի եվրոպական բանալին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկությունից հետո Ավստրիայի երիտասարդ կանցլեր Սեբաստիան Կուրցը Եվրոպային կոչ էր արել ստեղծել հակաահաբեկչական դաշինք: Հարց է առաջանում, թե ում է կոնկրետ հասցեագրված Կուրցի կոչը: Իսկ թե ինչ է Եվրոպան ռազմա-քաղաքական իմաստով՝ պարզ չէ: Օրինակ, ինչ է Էրդողանը, որ Եվրոպայի վրա մատ է թափ տալիս և արդեն անգամ ոտք սրբում, պարզ է, իսկ թե ինչ է Եվրոպան։ Միաժամանակ անհասկանալի է, թե ում է հակաահաբեկչական դաշինք ստեղծելու կոչ անում Ավստրիայի վարչապետը, քանի որ, մինչ նա անում է այդ կոչերը, եվրոպացիներին սեփական փողոցներում հանգիստ քայլել թույլ չտալու սպառնալիք հնչեցնող թուրքը խոսքից արդեն վաղուց անցել է գործի: Հավելենք նաև, որ այստեղ է նաև այն բանաձևը, թե ինչ է Եվրոպան:
Եվրոպան այն է, որը խոսքից կանցնի գործի կամ Եվրոպան նրանք են, որոնք խոսքից կանցնեն գործի: Ընդ որում, Եվրոպան այստեղ գուցե ստանում է արդեն որոշակիորեն այլ ձևաչափ, այն իմաստով, որ ռազմա-քաղաքական և աշխարհագրական Եվրոպաները դառնում են տարբեր: Եվ այստեղ է թերևս եվրոպական անվտանգության առանցքային բանաձևը: Եվրոպան չունի աշխարհագրական անվտանգություն, ըստ այդմ անվտանգ լինելու համար Եվրոպան պետք է առաջնորդվի ռազմա-քաղաքական, ոչ թե աշխարհագրական չափումներով ու սահմանագծումներով: Հատկանշական է նաև Երեւանի ու Ստեփանակերտի հայտարարությունների՝ միջազգային հանրությանը հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կոչի տրամաբանությունը, որ հնչել է Ստեփանակերտից:
Դաշինքի անհրաժեշտությունը, որ առաջարկում է Եվրոպային Կուրցը, դեռևս մեկ ամիս առաջ բարձրաձայնել է թուրք-ահաբեկչական գրոհի ենթարկված Արցախի նախագահը: Իրականում վարչապետ Կուրցին պետք չէ դաշինք ստեղծել, պետք է միանալ դաշինքին՝ հայ ժողովրդի և հայկական բանակի «դաշինքին», որը պայքարում է ահաբեկության դեմ Եվրոպայի ռազմա-քաղաքական առաջնագծում: Մինչ Եվրոպայի երիտասարդ առաջնորդները քննարկում են, թե ինչ անել: Օրերս հայտնի դարձավ, որ Էմանուել Մակրոնը Կանադայի վարչապետ Թրյուդոյի հետ քննարկել է իրավիճակն Արցախում:
Անդրանիկ Կիրակոսյան