Ադրբեջանի «միլիարդանոց» պատերազմը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱպացուցման կարիք չունի այն փաստը, որ պատերազմը, բացի մարդկային կորուստներից, նաև ահռելի նյութական կորուստներ է պատճառում։ Արցախյան ռազմական գործողությունների ծավալները նկատի ունենալով, կարելի է ենթադրել, որ կողմերը կրել են լուրջ վնասներ։ Դա առավելապես վերաբերում է նախահարձակ և ավելի մեծ ռեսուրսներ ներգրաված ու կորցրած կողմին՝ Ադրբեջանին։ Դեռ վաղ է կոնկրետ թվեր մատնանշել, բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի վնասները միայն ռազմական գործողությունների ընթացքում առնվազն գերազանցելու են մեկ միլիարդ դոլարը։ Սա Ադրբեջանի տնտեսության համար իհարկե կործանարար չէ, բայց միայն այդ նյութական վնասով այդ երկիրը չի սահմանափակվելու։
Մինչև պատերազմ սանձազերծելն էլ Ադրբեջանի տնտեսությունը լավ վիճակում չէր, պայմանավորված մի կողմից կորոնավիրուսով, մյուս կողմից՝ նավթի միջազգային գների անկմամբ։Տարվա առաջին ութ ամիսներին Ադրբեջանում 3 տոկոս տնտեսական անկում էր արձանագրվել, իսկ մշտապես հավելուրդ ունեցող պետական բյուջեն ուներ մոտ 1 տոկոսանոց պակասուրդ։ Պատերազմը սոցիալական վիճակի հնարավոր վատթարացումը սեփական հանրության ուշադրությունը շեղելու միջոց էր նաև։ Նույնն էր եղել 2016 թ․-ին, երբ երկու տարի շարունակվող նավթի գների անկման և սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պատճառով բնակչության դժգոհություններից խուսափելու համար Իլհամ Ալիևը սկսեց ապրիլյան պատերազմը։ Ինչպես հայտնի է, Ադբեջանի տնտեսությունը հիմնված է էներգակիրների՝ նավթի և գազի վրա։ Դրանք կազմում են արտահանման գրեթե 90 տոկոսը և համախառն ներքին արդյունքի 50-60 տոկոսը։ Նավթի գների ցանկացած անկում անմիջապես ազդում է այդ երկրի տնտեսության վրա։
Վերջին ամիսներին այդ գները կտրուկ նվազել են։ Եղել է պահ, երբ 1 բարել Brent տեսակի նավթի միջազգային գինը իջել էր մինչև 19 դոլարի։ Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ նավթի գինը գտնվում էր 60-70 դոլարի միջակայքում։ Այժմ այդ գները տատանվում են 40-42 դոլարի միջակայքում։ Մինչդեռ Ադրբեջանում 2020 թ․-ի բյուջեն կազմելիս հիմք է ընդունել 55 դոլար 1 բարելի դիմաց միջազգային գինը։ Միաժամանակ, նվազում են նաև ադրբեջանական նավթի արդյունահանման և համապատասխանաբար նաև արտահանման ծավալները։ Այս տարվա նույն՝ հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից արտահանումը նվազել էր 25 տոկոսով, ներմուծումը՝ մոտ 29 տոկոսով։ Սա նշանակում է, որ բյուջեով նախատեսված եկամուտները ավելի քիչ են լինելու համապատասխան չափով։ Այդ պատճառով բյուջեի եկամուտները լրացնելու համար Ադրբեջանն օգտագործում է պետական նավթային ֆոնդի գումարները։ Տարվա առաջին կեսին այդ նպատակով մոտ 6 մլրդ դոլար է ծախսվել։ Միանշանակ է, որ մինչև տարեվերջ այդ նավթային ֆոնդից պետբյուջեն լրացնելու համար ավելի մեծ գումարներ են ծախսվելու։ Տեղեկացնենք, որ 2019 թ․-ին Ադրբեջանի նավթային ֆոնդում առկա էր մոտ 42,5 մլրդ դոլար, որն այս տարի զգալիորեն նվազելու է։
Չխոսելով այն մասին, որ բացառված չէ այդ երկրի բյուջեն սնող և ռազմական գործողությունների մոտ գտնվող նավթամուղը կարող է հարվածի տակ հայտնվել։ Ակնհայտ է նաև, որ ցանկացած պատերազմ վանում է ներդրումները։ Նավթի և արդյունահանման ծավալների նվազումը արդեն իսկ բերել են մի քանի խոշոր ներդրողների հեռանալուն վերջին տարիներին։ Նոր ներդրումները ներգրավել Ադրբեջանում, հատկապես ոչ նավթային և գազային ոլորտներում գործնականում անհնար է ակնկալել։ Հատկապես եթե նկատի ունենանք այդ երկրի ղեկավարության՝ ամեն պահի ռազմական արկածախնդրություն սկսելու հակումը։
Անդրանիկ Կիրակոսյան