Թուրքական բացահայտ աֆեորան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆերկայումս Արցախում ընթացող պատերազմի հետ կապցված մի կարևոր արձանագրում վերահաստատենք․ փաստացի միջազգային հանրության առանցքային ու հիմնական դերակատարներ-խաղացողներն արձանագրել են հանգամանքը, որ Անկարան արցախ-ադրբեջանական սահմանագոտի է տեղափոխել ահաբեկիչների և փաստացի միջազգային ահաբեկության օջախ է ստեղծել և գրոհել արցախյան սահմանը: Իրականում ամբողջ հարցն այն է, թե այդ խոսքերն ինչ ազդեցություն են ունենալու միջազգային «խուլիգանի» համբավը տարիներ ի վեր վաստակած Էրդողանի համար, որը հայտարարում է, թե ոչ ոք իրավունք չունի կանգնեցնել իրեն: Էրդողանը, այսպես ասած, զոհասեղանի վրա է դրել ամեն ինչ՝ Ալիևից մինչև ադրբեջանական բանակի զինվորներ, մեկ նպատակի համար՝ ստիպել աշխարհին հաշվի նստել իր հետ:
Ըստ այդմ` շատ պարզ է դառնում աշխարհի խնդիրը՝ զրկել Էրդողանին որևէ բան զոհասեղանին դնելու հնարավորությունից: Իսկ թե ինչպես անել դա, անշուշտ հարցի մյուս կողմն է, հատկապես հաշվի առնելով այն, որ համաշխարհային ուժի կենտրոնների համար Էրդողանն էլ իր հերթին կարող է իր խուլիգանությամբ լինել գործիք, որը հնարավոր է կիրառել տարբեր ուղղություններով և նպատակներով: Հենց այստեղ առաջնային պլան է գալիս այն փաստը, որ մեր բանակի ռազմագործողություններին, հակաահաբեկչական պայքարին զուգահեռ, մեր դիվանագիտության, մեր քաղաքական մտքի խնդիրն է հասկանալ ներկայումս Էրդողանի այլևս կովկասյան ոտնձգության հնարավոր շահառուների շրջանակը, կամ, ավելի շուտ՝ այն շրջանակը, որտեղ կարող են ձևավորվել այդ խուլիգանության պահանջարկային միտումներ:
Միջազգային հանրության, ուժային հիմնական դերակատարների արձագանքները այժմ վկայում են, որ այդ պահանջարկը դեռևս ձևավորված չէ և հայկական կողմի քաղաքական խնդիրն է անել այնպես, որ այն այդպես էլ չձևավորվի: Մյուս կողմից միջազգային հանրության արձագանքները վկայում են, որ առնվազն հիմնական խաղացողների շրջանակում ձևավորված է այն համոզումն ու գիտակցումը, որ խուլիգանությունը այլևս վերածվել է միջազգային լրջագույն խնդրի: Ամբողջ հարցն այն է, թե ով ինչ է պատրաստ անել այդ խնդիրը լուծելու համար:
Անդրանիկ Կիրակոսյան