Մարմնի 6 տհաճ հոտ, որոնք կարող են հուշել վտանգավոր հիվանդությունների զարգացման մասին
Երբեմն օրգանիզմում զարգացող այս կամ այն հիվանդության մասին հուշող ախտանշան կարող է լինել մարմնի արտասովոր հոտը, սակայն մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում մարմնի հոտի փոփոխությանը: Մասնագետները ներկայացրել են մարմնի 6 տհաճ հոտ, որոնք կարող են հուշել առողջական խնդիրների մասին:
Ացետոնի հոտ
Մարդու քրտինքի հոտի նման փոփոխությունը կարող է պայմանավորված լինել առողջական տարբեր խնդիրներով, սակայն առավել հաճախ ացետոնի հոտը հուշում է շաքարային դիաբետի մասին: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման հետևանքով օրգանիզմում ավելանում է կետոնային մարմինների քանակությունը, որոնցից մարմինը փորձում է ազատվել այդ թվում նաև քրտինքի միջոցով: Ացետոնի սուր հոտը կարող է հուշել դիաբետիկ կոմայի բարձր հավանականության մասին, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:
Շաքարային դիաբետից բացի ացետոնի սուր հոտը կարող է հուշել նաև մի շարք այլ խանգարումների մասին, այդ թվում նաև մարսողական համակարգի հետ կապված խնդիրների, երիկամների ու լյարդի աշխատանքի խանգարման, ինչպես նաև մանրէներով, բակտերիաներով կամ վիրուսներով վարակման:
Կատվի մեզի հոտ
Կատվի մեզի հոտ հիշեցնող տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել երիկամների հիվանդություններով, այդ թվում՝ քրոնիկ երիկամաբորբով, պիելոնեֆրիտով և ուրեմիայով: Բացի այդ, այս հոտով կարող են դրսևորվել նաև լյարդի հիվանդությունները, էնդոկրին համակարգի խանգարումները, տուբերկուլոզն ու մարսողական համակարգի աշխատանքի խանգարումները:
Քացախի հոտ
Քացախի սուր հոտով ուղեկցվող առատ քրտնարտադրությունը վկայում է շնչառական ուղիների կամ թոքերի հիվանդությունների մասին: Կանանց դեպքում նման տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել կրծքի հետ կապված լուրջ խնդիրներով, օրինակ՝ մաստոպաթիայով:
Ձկան հոտ
Ծովի աղի կամ ձկան հոտը սովորաբար առաջանում է նյութափոխանակության խանգարումների դեպքում: Կանանց դեպքում նման հոտը նաև լուրջ պատճառ է գինեկոլոգիական բուժզննում անցնելու համար, քանի որ այն կարող է պայմանավորված լինել սեռավարակներով:
Քաղցր մրգային հոտ
Քաղցր մրգային հոտը, որը կարող է անգամ նեխած մրգերի հոտ հիշեցնել, կարող է հուշել արյան մեջ շաքարի բարձ մակարդակի ու շաքարային դիաբետի մասին: Բացի այդ, նման հոտը կարող է պայմանավորված լինել նաև դիֆթերիայով:
Նեխած մսի հոտ
Նման տհաճ հոտը սովորաբար պայմանավորված է լինում օնկոլոգիական հիվանդություններով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել: