Կփոխվեն ոստիկանության ծառայողներին ներկայացվող քաշի և հասակի պահանջները. նախագիծ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, ըստ որի առաջարկվում է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակին առնչվող պահանջներից քաշի կամ հասակի նվազագույն շեմը՝ 155 սմ և 46 կգ, փոխարինել մարմնի զանգվածի ցուցանիշով (ՄԶՑ)։ Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ միջազգային չափանիշներով հիմնավորված, համակողմանի և օբյեկտիվ ցուցանիշ է ՄԶՑ-ով առաջնորդվելը, իսկ քաշի ու հասակի առանձին ցուցանիշները միշտ չէ, որ արտացոլում են օբյեկտիվ իրականությունը։
Գործող կարգավորումներով ոստիկանության ծառայող չեն կարող դառնալ, իսկ արդեն ծառայողները պիտանի չեն համարվում ծառայության, եթե ունեն ֆիզիկական զարգացման անբավարար մակարդակ․ մկանային համակարգը և ենթամաշկային ճարպաբջջանքը թույլ են զարգացած, կրծքավանդակը նեղ է, հասակը՝ 155 սմ-ից ցածր կամ քաշը՝ 45 կգ-ից պակաս։
«Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ֆիզիկական զարգացման գնահատման չափորոշիչները հիմնված են հասակի և քաշի նվազագույն ցուցանիշների վրա։ Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ այդ ցուցանիշները լիարժեք չեն արտացոլում մարմնի համաչափությունը, առողջական ընդհանուր վիճակը և ֆիզիոլոգիական համապատասխանությունը։
Հեղինակների դիտարկմամբ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ անձի ֆիզիկական զարգացվածությունը բավարար է, սակայն նա չի համապատասխանում գործող չափորոշիչներով սահմանված քաշի կամ հասակի նվազագույն շեմերին, որոնք միշտ չէ, որ բժշկական տեսանկյունից հիմնավորված են։ Արդյունքում գործող մոտեցումը չի ապահովում օբյեկտիվ և ժամանակակից բժշկական պրակտիկային համահունչ գնահատում, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նախարարի հրամանում։
Առաջարկվում է նախարարի հրամանում «հասակը՝ 155 սմ-ից ցածր կամ քաշը՝ 45 կգ-ից պակաս» ձևակերպումը փոխարինել ՄԶՑ-ով, որը չպետք է 16 կգ/մ²-ից ցածր լինի։ Այս մոտեցմամբ քաշը հաշվարկվելու է հասակից կախված, ինչի արդյունքում նույն կիլոգրամը տարբեր մարդկանց համար կունենա տարբեր ցուցանիշ։ Նշվում է, որ գործող կարգավորմամբ հնարավոր է, օրինակ, 170 սմ հասակ և 46 կգ քաշ ունեցող անձը համապատասխանի պահանջին, մինչդեռ այդ հասակի դեպքում նա համարվում է շատ նիհար։ Առաջարկվող մոտեցմամբ 165 սմ և 180 սմ հասակ ունեցող անձանց նվազագույն քաշի ցուցանիշները տարբեր կլինեն, և չի կիրառվի ֆիքսված՝ 46 կգ շեմը։
Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ փոփոխության ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության ծառայողների առողջական վիճակի գնահատումը առավել օբյեկտիվ բժշկական չափորոշիչներով, չափորոշիչները կհամապատասխանեցվեն միջազգային բժշկական ստանդարտներին, իսկ առողջական վիճակի գնահատման գործընթացը կպարզեցվի և կբացառի անհարկի սահմանափակումները։