Ի՞նչ է Սամվել Բաբայանն ասել Արայիկ Հարությունյանի հետ փակ հանդիպումներում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից պատասխանել են NEWS.am–ի հարցերին՝ կապված Արցախում վերջին օրերի ներքաղաղաքական զարգացումների հետ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ հայտնել, որ որոշում է կայացվել բացել Աղդամի ճանապարհն ու առեւտուր սկսել՝ այնտեղով Արցախ կմատակարարվի շինանյութ, վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինի միջանցքով՝ ռուս խաղաղապահների միջոցով։ Արդյո՞ք Սամվել Բաբայանը մասնակցել է այդ նիստին։ Եթե այո, ապա ի՞նչ է ասել Արայիկ Հարությունյանը, եւ ի՞նչ դիրքորոշում է հայտնել Սամվել Բաբայանը։
Արցախի ապաշրջափակման շուրջ նախագահ Հարությունյանը վերջին օրերին տարաձևաչափ հանդիպում-քննարկումներ է նախաձեռնել, որոնց մասնակցել է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։ Վերջինս այդ ձևաչափերում ընդգրկված շրջանակներին ներկայացրել է խորհրդարանական երկրորդ ուժի դիրքորոշումը․ այն է՝ զերծ մնալ կարճաժամկետ լուծումներ ենթադրող մոտեցումներից, մշակել բանակցային շրջանակային փաստաթուղթ և այդ շրջանակում երկխոսություն սկսել ադրբեջանական կողմի հետ։
Ինչո՞վ է պայմանավորված նույն հարցը տարբեր ձեւաչափերում քննարկելը։
Անհատներն ու շրջանակները, ովքեր միասնականության, համախմբման և համախոհության կոչեր են անում, հրաժարվում են մասնակցել այս կամ այն ձևաչափին՝ պայմանավորված այդ ձևաչափում ներգրավված անհատների կամ շրջանակների նկատմամբ ունեցած վերաբերմունքով։
Տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկա օրերին Սամվել Բաբայանի գլխավորությամբ կարող է պատվիրակություն մեկնել բանակցությունների ադրբեջանական կողմի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը։
Նման տեղեկություններ գեներացնում են տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող լրատվության միջոցները՝ սպասարկելով շահեր, որոնք միաժամանակ համընկնում են Ադրբեջանի և արցախյան մի խումբ-խմբակի շահին։
Սամվել Բաբայանը, այդ թվում՝ հրապարակային, հայտնել է իր տեսակետը բանկցությունների վերաբերյալ և շարունակում է մնալ այն կարծիքին, որ ինքը չի կարող հանդես գալ որպես բանակցող։ Փոխարենը նա ներկայացրել է բանակցային օրակարգի իր պատկերացումները՝ առաջարկելով մյուս քաղաքական ուժերին ևս գոնե փակ ձևաչափերում հայտնել իրենց տեսակետներն ու մոտեցումները։ Կարծիք չունենալը արդարացման հիմք չի կարող լինել․ մոտեցում, որ որդեգրել են Արցախի քաղաքական ուժերը։
Օրեր առաջ մի քանի աշխարհազորայիններ ներխուժել էին Արցախի Ազգային ժողովի շենք, իսկ աշխարհազորայինների հրամանատար Կարեն Մաթեւոսյանն իր հրապարակած տեսաուղերձում սպառնացել էր քաղաքական եւ այլ ուժերի՝ իշխանության շուրջ չհամախմբվելու դեպքում լուծարել խորհրդարանը, գործադիր իշխանությունն ու կառավարման արտակարգ մարմին ձեւավորել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս զարգացումներն ու վերջին օրերին Արցախում նկատվող ներքաղաքական լարվածությունը։
- Նմանատիպ նախաձեռնությունները, որպես իրավիճակային լուծում, ներքաղաքական ամպերը ցրելու նպատակ են հետապնդում։ Այնինչ երկարաժամկետ հեռանկարում դրանք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։
Այս առումով նշենք, որ նախաձեռնության հեղինակների կամ կատարողների ու Սամվել Բաբայանի միջև առնչություններ փնտրելը ոչ միայն հիմնազուրկ է, այլև սպասարկում է կոնկրետ շահեր։