«Ավազի պատճառով վթարի ենթարկվեցի». Փաշինյանը դժգոհ է ճանապարհների որակից եւ նկատողություն արեց Սանոսյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում ճանապարհների սպասարկման որակը խայտառակ վատ է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրանում համոզվել է, երբ այս օրերին մեքենայով շրջել է Հանրապետության տարածքով։
«Գիտենք՝ երբ ձյուն է տեղում, ճանապարհը սպասարկող ընկերության մեքենաները մաքրում են, իսկ երբ անձրեւ է գալի՞ս։ Անձրեւաջրերը լցվում են ճանապարհի վրա, բոլորը սպասում են կարծես ավելի կառուցողական անձրեւի, որ գա մաքրի այդ ջրերը։ Լավ անձրեւ ու ձյուն չի գալիս, ոչ ոքի մտքով չի անցնում, որ այդ ճանապարհներն ամենօրյա ռեժիմով մաքրվեն։ Կառավարության որոշմամբ, ճանապարհների սպասարկմամբ զբաղվող ընկերությունը ամեն օր անկախ եղանակից ճանապարհը պետք է ավլի երթեւեկելի հատվածի ամբողջ երկայնքով»,– ասաց Փաշինյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանում կան ճանապարհներ, որոնց երթեւեկելի հատվածը գծանշված չէ։
Մյուս խնդիրը ըստ Փաշինյանի ճանապարհային նշաններն են, որոնք 70–ական թվականներից հետո չեն փոխվել։ Որպես օրինակ՝ Փաշինյանը նշեց Խոր Վիրապի ցուցանակը. «Առնվազն իմ տարիքին է այդ ցուցանակը։ Կամ ճանապարհին առաջացած փոսերը, ճաքերը, որոնք սպասարկող ընկերությունը պարտավոր է վերացնել։ Դիլիջան–Իջեւան ճանապարհի ամեն կիլոմետրին փոս է, ո՞վ է զբաղվելու դրանով, ինչի՞ պիտի երկրի վարչապետը սրան անդրադառնա, նշանակում է՝ ինչ որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում ընդհանրապես»։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փորձեց արդարանալ՝ հիշեցնելով, թե նախորդ իշխանությունների օրոք ինչպես է եղել. «Այն ժամանակ եզրային հատվածները չէին էլ գծանշվում»։ Փաշինյանը, սակայն, թույլ չտվեց նախարարին խոսքն ավարտել։
«Ծառայողական քննություն անցկացրեք, մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարել, իմ սեղանին դրեք թերացողների անունները։ Այդ փոսերի, ավազի, քարերի պատճառով մարդիկ վթարի են ենթարկվում։ Ինքս 2016թ.–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում վթարի ենթարկվեցի ավազի պատճառով»։