Քաղաքական գործիչների հակավարկանշային ցուցանիշները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Ֆոկուս» եվրասիական սոցիոլոգների ազատ դաշինքը հրապարակել է սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք իրականացվել են Հայաստանում և բավական ուշագրավ արդյունքներ ցույց տվել։
Ըստ դրանց՝ ՀՀ-ում և Արցախում համարյա հավասար վարկանիշ ունեն Նիկոլ Փաշինյանն (21,67 %) ու Ռուբեն Վարդանյանը (20,36 %): Կազմակերպությունն անդրադարձել է նաև ընդդիմադիր գործիչ Ռոբերտ Քոչարյանին, ում վարկանիշը 7,74 % է և նա նույնիսկ զիջում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին՝ 9,17%:
Այստեղ հետաքրքրականն այն է, որ Թաթոյանը երբեք քաղաքական հայտ չի ներկայացրել, սակայն սոցիոլագիական հարցման մեջ ներառվել նաև նրա անունը, ով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ընդ որում՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց մեջ:
Թաթոյանը հաճախ է դիտարկվել, որպես երկրի ղեկավարի թեկնածու և դրա մասին խոսել են քաղաքագետները, անգամ գնահատել, որ հասարակությունն իշխանությունից և ընդդիմությունից զատ, այլ գործիչ է փնտրում, ով սերտ կապ չի ունենա ո՛չ նախկին և ոչ էլ ներկա իշխանությունների հետ: Բացի այդ ընդգծվում էր նաև Թաթոյանի գիտելիքներն ու իրավական ոլորտում մեծ կապերը:
Սոցիոլոգներն անդրադարձել են նաև քաղաքական գործիչների հակավարկանշային ցուցանիշներին: Այսինքն քաղաքացիները պատասխանել են, թե ոչ մի պարագայում ո՞ր գործչին քվե չէին տա:
Եթե Ռոբերտ Քոչարյանը 67,62 % հակավարկանիշ ունի, իսկ Նիկոլ Փաշինյանը միանգամից 58,10 %, ապա Ռուբեն Վարդանյանի հակավարկանիշը չափազանց ցածր է՝ ընդամենը 8,21 %։ Հատկապես ուշագրավ է, որ Արման Թաթոյանը չունի հակավարկանիշ: Այսինքն չկան քաղաքացիներ, որ ոչ մի պարագայում իրենց քվեն չեն տա նրան: Սա արդեն վստահության ցուցնիշի մասին է խոսում: Այսինքն, եթե Թաթոյանը քաղաքական հայտ ներկայացնի, ապա կկարողանա կտրուկ փոխել ինչպես հարցման արդյունքները, այնպես էլ քաղաքացիների տրամադրվածությունները:
Թաթոյանը ներկա-նախկին ասպեկտում տեղ չունի, թեև շատերն են փորձում նրան դիտարկել այս կամ այն ճամբարում: Օմբուդսմենի պաշտոնը թողնելուց հետո մի քանի քաղաքական քննադատողական հայտարարություններ արել է, բայց, ըստ երևույթին, շարունակում է օմբուդսմենի պարտականություններ կատարել և իր կապերն օգտագործել ՀՀ-ում առկա մի շարք խնդիրներին՝ միջազգային հանրությանը հաղորդակից դարձնել:
Գուցե այս և մյուս հարցումները և քաղաքացիների հետ պարբերաբար հանդիպումները Արման Թաթոյանին բերեն այն որոշման, որ պետք է քաղաքական հա՞յտ ներկայացնել, որն այս փուլում կտրուկ փոփոխություն կդառնա քաղաքական կյանքում:
Աննա Ավետիսյան