Թուրքիան միանում է հարավկովկասյան խրախճանքին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի կառավարության նիստում հայ-ադրբեջանական սրացման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բավական հարմար առիթ էին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների համար, տարածաշրջանում սեփական դերն ընդգծելու, Հայաստանի վրա մատ թափ տալու և նոր սպառնալիքներ տեղալու համար։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկերության ուղիղ եթերում որոշակի փակագծեր է բացել բանակցային գործընթացի վերաբերյալ, նշել, թե դրական ուղերձներ կան Հայաստանից, միևնույն ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պետք է դադարեցնի ադրբեջանական օկուպացիան և փոխադարձ քայլեր ձեռնարկի։ Հայաստանի Հանրապետությանը մեղադրանքներ է հասցեագրել նաև Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդ որում շատ ավելի կտրուկ և արմատական։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանը պաշտպանում է իրեն, իսկ Հայաստանից պահանջել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից հեռացնել զինված տարրերին։
Չավուշօղլուն, ի դեպ նաև նշել է, թե Հայաստանի հետ հարաբերությունը մեկ օրում չէ, որ հնարավոր է կարգավորել, դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր։ Ռուս-ուկրաինական պատերազմը Թուրքիայի իշխանություններին հնարավորություն է տվել զգալի ազդեցություն ձեռք բերել ոչ միայն այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այլ նաև ազդեցություն ձեռք բերել տարածաշրջանային առումով, և սեփական երկրի կշիռը բարձրացնել միջազգային հանրության աչքում։ Իսկ Հայաստանի գործող իշխանությունները դարձել են թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ և աշխատում են բացարձակապես այդ տրամաբանության մեջ։
Առնվազն անլուրջ կլինի կարծել, թե Հայաստանի գործող իշխանությունների հետ նախապես ծրագրված չի եղել այս բանավեճային փոխհրաձգությունը, ինչը նաև հնարավորություն տվեց մեկ օրում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին հերթական անգամ հաթաթա տալ և սպառնալ Հայաստանին։ Միակ տուժողն այս ամենում Հայաստանի քաղաքացին է, որը սեփական իշխանությունների անողնաշար և դավաճանական պահվածքի պատճառով հայտնվում է լուսանցքում, առաջիկայում նույնիսկ սեփական երկրի անկախությունը կորցնելու ճանապարհին։ Իհարկե, նույնիսկ լավագույն ելքի դեպքում, եթե Հայաստանում շարունակի ղեկավարել Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետությունը դառնալու է թուրքական պետության կցորդը։ Եվ միայն ռուսական ազդեցությունն է, որ թույլ է տալիս պաշտպանել մեզ՝ թուրքերի կողմից վերջնականապես ոչնչացված լինելու հեռանկարից։ Փաշինյանական իշխանությունը ամբողջությամբ դարձել է Թուրքիայի խամաճիկը։
Արմեն Մարկոսյան