Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է սկսել, իսկ ՀՀ իշխանությունը «քնած է ուղտի ականջում»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախում հայկական մշակութային ժառանգության ճակատագիրն անորոշ է, եթե հստակ և օպերատիվ հակազդեցություն չլինի, մոտ ապագայում կկորցնենք Արցախից զավթված տարածքներում գտնվող բոլոր եկեղեցիներն ու տաճարները։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, թե «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ» է ստեղծվել, իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը» հեռացնելու համար։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային տարբեր կառույցների հորդորներին, պաշտոնական Բաքուն շարունակում է արգելափակել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը գրավյալ տարածքներ։ Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը հստակ նշանակում է, որ հայկական եկեղեցիների, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի վրայից մաքրելու են հայկական հետքը, ահռելի գումարներ են ծախսելու՝ դրանք որպես ալբանական մշակույթի հուշարձաններ ներկայացնելու համար։
Դեռևս պատերազմից կարճ ժամանակ անց Ադրբեջանը փորձեց Դադիվանքում իրականացնել այս գործողությունը, բայց առժամանակ, շնորհիվ վանական համալիրում մնացած հոգևորականների և ռուս խաղաղապահների, դեռ չի ոտնձգում։ Փոխարենը, իրական վտանգի տակ են մյուս հայկական հուշարձաններն ու եկեղեցիները։ Աշխարհում ահազանգը հնչեցնում են հատուկենտ մարդիկ, որոնք արձանագրում են Ադրբեջանի վայրագությունները։ ՀՀ գործող իշխանությունները, սակայն, օրեր շարունակ որևէ հստակ արձագանք չեն հնչեցրել, չեն դատապարտել «կիրթ» Ալիևի վարչախմբի այլանդակությունները։
Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ: Նման տեսակետ է հայտնել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, Սևծովյան տնտեսական համագործակցության նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը՝ հավելելով, թե Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի։
Գրիգոր Հայրապետյան