ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր լուծումները պետք է լինեն փոխզիջման տարբերակով. Ջոնի Մելիքյանը՝ Հայաստան-Վրաստան սահմանազատման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այդ ուղղությամբ, ո՞ր տարածքների մասին է խոսքը գնում ՝ այս հարցերին Tert.am-ի հետ զրույցում պատասխանեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«Ստորագրված հռչակագրի մեջ կա երկու կարևոր էլեմենտ՝ կողմերն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և դրանից ելնելով կողմերը պետք է ակտիվացնեն սահմանազատման գործընթացը: Ամենևին չի նշանակում, որ այդ պրոցեսը սկսվելու է 1 օր, 1 ամիս կամ 1 տարի հետո, այլ որ Հայաստանի և Վրաստանի քաղաքական իշխանությունները հանձնառու են այս պրոցեսին նոր լիցք հաղորդելու»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով բուն սահմանազատման գործընթացին՝ վրացագետը նշեց, որ առ այսօր եղել են խնդիրներ, որոնք սառեցված վիճակում են եղել՝ Երևանն ունեցել է իր մոտեցումը, իսկ Թբիլիսին իրենը: Երկու կողմերն էլ տարբեր առիթներով խոսել են դրա մասին ՝ բոլոր լուծումները պետք է լինեն փոխզիջման տարբերակով: Ինչ-որ տարածք փոխանցվում է մի հատվածում և փոխարենը մեկ այլ հատվածում ստանում է տարածք:

«Եթե կողմերը չկարողանան գալ համաձայնության գոյություն ունի այլընտրանքային ճանապարհ: Կողմերը դիմում են միջազգային դատարան,  յուրաքանչյուրը ներկայացնում է իր փաստարկներն ու դատարանի որոշմամբ որոշվում է վերջնական սահմանը: Հաշվի առնելով հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները, որոնք արդեն ռազմավարական բնույթ են կրում՝ գործը դրան չի հասնի և երկու կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելով փոխզիջման տարբերակով պոտենցիալ կարող են այս հարցը լուծել: Այսօր որևէ պրոցես միջկառավարական հանձնաժողովի հետ կապված չի կատարվում, իսկ մամուլի տարածած նյութերն ընդամենը ասեկոսեներ են, որոնք ես կապում եմ ներքաղաքական պայքարի հետ: Շատ կարևոր է, որ մեր ներքաղաքական պայքարը պետք դուրս չհանենք և արտաքին քաղաքականությունն էլ ավելի չբարդացնել»,- ընդգծեց Մելիքյանը:

Խոսելով կոնկրետ տարածքների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Լոռվա մարզում կան տարածքներ, ուր պետք է այցելեն հանձնաժողովի անդամները և տեղում աշխատեն: Պետք է տեսնեն, որ գյուղն արոտավայր չունի և դրա հաշվին արդեն արոտավայր ունեցող կողմը կզիջի և փոխարենը մյուս կողմի գյուղերին կից ինչ-որ բան կստանա: Իհարկե, այս ամենը պետք է տեղի ունենա միջազգային նորմերի համաձայն, որոնք ԵԱՀԿ-ի ուղեցույցների մեջ են նշված և ամրագրված են մի շարք այլ նորմերով:

«Հայ-վրացական սահմանազատման գործընթացը պետք չէ ասոցացնել հայ-ադրբեջանական պրոցեսի հետ, երբ Ադրբեջանը կոնկրետ պահանջներ  է առաջ քաշում: Այստեղ փորձ է արվում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության տրամաբանության մեջ դիտարկել Վրաստանը, ինչը մեղմ ասած ճիշտ չէ: Վրաստանը նույն խնդիրն ունի Ադրբեջանի հետ՝ Կախեթիի շրջանի տարածքներում և Դավիթ Գարեջայի վանական համալրի հետ կապված: Աշխատանքը հեշտ չէ, երկարատև է, բայց, քանի որ կան բարիդրացիական հարաբերություններ Հայաստանի և Վրաստանի միջև՝ այս ամենը կարող է նպաստել փոխշահավետ զարգացումների»,- եզրափակեց Մելիքյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular