ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկոյի տունը». Նոյեմբերյանում 44-օրյա պատերազմի հերոս Հայկ Ղարսյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր բացվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայկոյիս համար տուն պետք է սարքեի, հուշաղբյուր եմ սարքել»...

Թաց աչքերով ասում է 44-օյա պատերազմում զոհված հերոս Հայկ Ղարսյանի հայրը՝ Լևոնը: Շուրջ մեկուկես տարի տևած շինարարական աշխատանքների ավարտն այսօր նշանավորվեց գեղեցիկ միջոցառմամբ, որին ներկա էին Հայկի հարազատները, ընկերները, ծառայակիցները:

Տավուշի թեմի առաջնորդ  Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից օծվեց հուշաղբյուրում տեղադրված խաչքարը՝ նվիրված Հայկ Ղարսյանին և 44-օրյա պատերազմի հերոսներին: Այնուհետև իրենց կատարումներով հանդես եկան Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի սաները: Ավագ ընկերոջն իր երգը նվիրեց նաև ժամկետային զինծառայող Արտյոմ Մամյանը, ով հատուկ միջոցառմանը մասնակցելու համար արձակուրդ էր եկել։

Ավագ լեյտենենտ Հայկ Ղարսյանին հետմահու շնորհվեց Կապիտանի կոչում: Իսկ «Գթության Մայր Միջազգային Միություն» ՀՀԿ-ի կողմից նոյեմբերյանցի երեք հերոսները՝ Հայկ Ղարսյանը, Արթուր Ամիրաղյանը և Գեղամ Մաճկալյանն արժանացան մեդալների և պատվոգրերի:

Հայկ Լևոնի Ղարսյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: 2002թ. ընդունվել է Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոց (այժմ՝ ավագ): 2009 թվականին՝ 9-րդ դասարանն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Այդ պատճառով էր, որ դասընկերներն ու հարազատները նրան սկսեցին Մոնթե կոչել: 2013-2017 թթ. սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 2017 թվականին ստացել է Լեյտենանտի կոչում: 2016 թվականի մարտի 30-ին գործուղվել է Արցախ ուսումնական պրակտիկայի, որի ընթացքում էլ մասնակցել է Քառօրյա պատերազմին։

Ավարտելուց հետո ծառայությունը շարունակել է Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում, ծառայակից երկու ընկերների հետ բնակվում էր Ստեփանակերտում։ Հայկ Ղարսյանը պատերազմի օրերին եղել է ամենածանր ճակատներում, 30 օր կռիվ է տվել թշնամու դեմ։ Մասնակցել է Ջրականի համար մղվող թեժ մարտերին։ Զոհվել է հոկտեմբերի 25-ին՝ Վարանդայում (Ֆիզուլի), «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ծառայակից ընկերներից մեկը պատմել է, թե ինչպես է Հայկն օգնել իր զինվորներին, վիրավորներին տեղափոխել թաքստոց, սակայն իրենք չեն կարողացել թաքնվել ԱԹՍ-ից։ Հայկը զոհվել է 11 զինակից ընկերների հետ:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular