ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … թանաք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թանաքը գրելու համար գործածվող ներկանյութերի ջրային լուծույթ է։ Այն հայտնի է նաև մելան անունով։
Հին եգիպտացիներն են առաջին անգամ թանաքի բաղադրատոմս ստեղծել: Քանի որ նրանք գրել են պապիրուսի վրա, սկսել են օգտագործել յուղի և մրի խառնուրդ: Չինաստանում ևս հենց նույն կազմն է գործածվել 2,5 հազարամյակ առաջ: Հենց դրանից էլ սկսվել է թանաքի պատմությունը: Հռոմեացիները և հույները նույնիսկ մեր դարաշրջանից առաջ (3-րդ դարում) օգտագործել են մի քանի տեսակի թանաք:
Կարմիր «պալատական թանաքի» պատրաստման համար օգտագործվել են դարչին և մանուշականերկ: Սև թանաք պատրաստելու համար օգտագործվել են գեղանկարչական սև ներկեր, խաղողի որդ, մուր, փայտածուխ, մրգերի սերմեր: Ավելի ուշ թանաք պատրաստելու համար եփել են դաբաղիչ ծառերի կեղևները:

Երկաթից պատրաստվող թանաքի պատմությունը, որը այժմ ևս օգտագործվում է, սկսվել է 16-րդ դարից: Այն պատրաստել են հետևյալ կերպ. ընկույզի կամ կաղնու կեղևից, ձարխոտի արմատներից, «թանաքի ընկույզներից» (բույսերի տերևների վրա ձևավորվող պաթոլոգիական աճեր) պատրաստել են եփուկ` «թանաքի թանձրուկ»: Այնուհետև դրա մեջ երկաթի կտորներ են ընկղմվել, այնուհետև մաստակ (բալի
սոսինձ), որը թանաքին տալիս է ամրության, իսկ մածուցիկությունը նվազեցնելու համար ավելացվել է մեխակ, կոճապղպեղ և ալյուր: Քիմիկոս Շեելեն կարողացել է գուշակել այդ թանաքի ստացման գաղտնիքը 1876 թվականին: Նա հայտնաբերել է, որ թանաքը եփելու ժամանակ ձարխոտի արմատի տանիաթթուները արմատից անցնում են ջրի մեջ, և հետագայում երկաթը ռեակցիայի է մտնում նրանց հետ առաջացնելով գունավոր աղեր: Ստացվում է թույլ գունավոր լուծույթ, բայց չորացնելուց հետո, երբ երկաթը օքսիդացվում է, այն ավելի է մգանում: Թանաքի մեջ առաջացած երկաթի օքսիդը անլուծելի է և դիմացկուն լույսի ճառագայթների նկատմամբ:


Ժամանակի ընթացքում թանաքի պատմությունը տեղում չի դոփել: Աստիճանաբար հայտնաբերվել և ստեղծվել են թանաքների բազմաթիվ տեսակներ, որոնց թվում կան նաև այսպես կոչված «հավերժական» և անգամ անտեսանելի թանաքներ: Հայաստանում ևս թանաքներ են արտադրվել: Էրեբունիի պեղումների ժամանակ շենքերի պատերին հայտնաբերված կանաչ, կապույտ, վարդագույն, ծիրանագույն և մուգ բալի գույնի
որմնանկարները վկայում են, որ մ․ թ․ ա․ 8-րդ դարում Հայաստանում թանաքը կիրառվել է որմնանկարչության մեջ։ 13-18-րդ դարերում հայկական ձեռագրերում պահպանվել են թանաք պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր, ըստ որոնց թանաք ստանալու համար կիրառվել են բուսական (խունկ, գարի, տորոն, գխտոր, կտավատի ձեթ, նռան կեղև և այլն), կենդանական (լեղի, կաթ, ձու, որդան կարմիր և այլն), ինչպես նաև հանքային ծագման (արջասպներ, պաղլեղներ, կիր, պողպատի խարտուք, լեղակ և այլն) նյութեր։ Սև թանաք հիմնականում ստացվել է գխտորից, կարմիրը՝ որդան կարմիրից, տորոնից, քրքումից կամ դրանց խառնուրդներից, կապույտը՝ լեղակից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular