ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարճաժամկետում անշարժ գույքի շուկայում գնանկման սպասել պետք չէ. Նաիրի Սարգսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ անշարժ գույքի շուկայում զգալի գնաճ է արձանագրվել: Բնակարանների գները բարձրացել են Երևանի բոլոր վարչական շրջաններում: Կենտրոն վարչական շրջանում, օրինակ, մեկ քառակուսի մետրը 690 հազար 550 դրամից թանկացել է՝ դառնալով 715 հազար 600 դրամ կամ 1555 դոլար, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը 25 հազար 50 դրամով բարձրացել է: 

Զուգահեռ, բնակարանների գները բարձրացան նաև մյուս վարչական շրջաններում, հատկապես՝ Նոր-Նորքում, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, ինչպես նաև՝ Երևանին մոտ գտնվող Արմավիրի, Կոտայքի մարզերում, որտեղ ակտիվորեն սկսել է զարգանալ բնակարանաշինությունը:

«Աուդիտորների Պալատի» նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի խոսքով՝ անշարժ գույքի շուկայում գնաճի մի քանի պատճառ կարելի է առանձնացնել.

«Առաջինը ընդհանուր գնաճն է, որը, բնականաբար, իր ազդեցությունը պետք է թողներ  նաև անշարժ գույքի վրա: Երբ մենք ունենք ընդհանուր գնաճ, ընդ որում, եթե Վիճակագրական կոմիտեն հրապարակում է 7 տոկոս, իրականում այն շատ ավելի բարձր է, դա ազդեցություն է թողնում նաև շինանյութի արժեքի վրա:

Երկրորդ հանգամանքն արտարժույթի արժևորումն է: Սովորաբար երբ ինչ-որ ապրանք, տվյալ դեպքում՝ արտարժույթը, արժևորվում է, դրա հիման վրա գնաճ է տեղի ունենում, հետագայում գների ճշգրտում, նորից հետ գնալ նույն գներին, որպես կանոն, տեղի չի ունենում: Հնարավոր է, որոշակի չափով գնանկում նկատել, բայց շատ դեպքերում դա էլ տեղի չի ունենում:

Երրորդ պատճառը պահանջարկի աճն է՝ պայմանավորված մի քանի գործոններով, որոնցից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է, որի պատճառով շատ մարդիկ՝ թե՛ ՌԴ կամ Ուկրաինայի քաղաքացի հայազգիներ, թե՛ հենց այդ երկրների քաղաքացիներ հայտ են ներկայացրել՝ ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերելու:

Այդ հանգամանքներից է Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց ձևավորած պահանջարկը, ինչպես նաև՝ եկամտային հարկի արտոնությունը չեղարկելը՝ սկզբում Կենտրոն համայնքում, այնուհետև՝ ըստ գոտիականության՝ Երևանում, ինչը նշանակում է, որ այս ընթացքում հեռահար նպատակ ունեցող բոլոր անձինք շտապողականություն են դրսևորելու և բնակարան են ձեռք բերելու, որպեսզի օգտվեն եկամտահարկի արտոնությունից: Եվ պահանջարկի այսքան ավելացմանը զուգահեռ՝ անտրամաբանական կլիներ, որ գնաճ տեղի չունենար նաև անշարժ գույքի շուկայում»:

Հարցին՝ թե երբ կարող ենք ակնկալել, որ անշարժ գույքի շուկայում գնաճը կկարգավորվի, տնտեսագետը պատասխանեց.

«Կարճաժամկետում, կարծում եմ, չարժե սպասել, որովհետև պահանջարկը կա: Եվ նորից կրկնեմ՝ գնաճից հետո շատ դժվար է նորից գնանկման գնալ: Երկարաժամկետ պլանում միգուցե հնարավոր լինի սպասել, բայց երկարաժամկետ կանխատեսումներ չանենք, որովհետև աշխարհում ամեն օր բան է փոխվում, և այդպիսի կանխատեսումները տեղին չեն լինի հաստատ: Կարճաժամկետում անշարժ գույքի շուկայում գնանկման սպասել պետք չէ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular