ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը» նոր վտանգներ է բերում հայ ժողովրդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը նորանոր վտանգներ է բերելու հայ ժողովրդին։ Մինչ Փաշինյանն ու իր սպասարկուները Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության հասնելու օրակարգն են առաջ մղում, թշնամի պետությունը շարունակում է իր թշնամական գործողությունները Հայաստանի և հասարակ քաղաքացիների դեմ։ Նախօրեին առևանգվել, ապա ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանին է վերադարձվել Արցախի քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը։ Նման դեպքերը բազմաթիվ են, և պաշտոնական քարոզչամեքենան պարտադիր նշում է հայ քաղաքացիների կողմից մոլորվելու, այդ պատճառով Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին։ Մինչդեռ, փաստ է, որ դեպքերի գերակշիռ մասում ադրբեջանցիները պարզապես առևանգումներով են զբաղված։ Փոխարենը նույն Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում հակաադրբեջանական քարոզչության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, թե Բաքուն «ցավալի է և վտանգավոր է համարում հետկոնֆլիկտային շրջանում հայկական քարոզչությունը» 31 տարի առաջվա ջարդերի մասին: Ըստ նրա` «պատմությունները, ըստ որոնց հայերը հալածվում են, դարձել են հայկական ազգայնականության գաղափարական հիմքը և հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների»: Երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել 32 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի մասին` նշելով, որ դրանք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը օր անգամ չի դադարեցրել հակահայկական քարոզչությունը, միջազգային ատյաններում ՀՀ դեմ տարատեսակ պահանջներ առաջ քաշելը, Հայաստանին հանցագործությունների մեջ մեղադրելը։ Եվ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն չեն արձագանքում այդ դեպքերին, այլև չեն հանդգնում պատասխան պահանջել հասարակ քաղաքացիների նկատմամբ թշնամական քայլերի համար։

«Սահմանագծում տեղի ունեցող տարբեր բնույթի միջադեպերը՝ ագրեսիա, լոկալ մարտեր, դիվերսիաներ, առևանգումներ, գերեվարումներ, ներթափանցումներ, կարձանագրվեն այնքան ժամանակ, քանի իշխանության ղեկին են անձինք, որոնց առաջնահերթություներն ու անելիքները հակադրվում են հայ ժողովրդի կենսական շահերին»,- օրերս նշել էր անվտանգության հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և հավելել․ «Նույնիսկ այսպիսի ծանր պահերին, երբ թվում է, որ անխուսափելի է անվտանգային 2-3 ուղղություններով խորքային փոփոխություններ անելու հարցը, մեկ է՝ իշխանությունը գնում է պոպուլիզմի ճանապարհով, որի նպատակը ոչ թե լուրջ խնդիրները լուծելն է, այլ «մարդկանց կուրացնելն ու բերանները փակելը»։ Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով և դրանց պոպուլիստական լուծումներ առաջադրելով, իսկ անվտանգության հիմնարար խնդիրները ոչ միայն շարունակում են մնալ չլուծված, այլ դրանք առավել խորը բնույթ են ստանում»։

Էդգար Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular