Էրդողանը մանրամասներ է բացահայտում Սոչիի հանդիպումից․ ի՞նչ են թաքցնում հանրությունից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍոչիում նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ մանրամասներ գրեթե չեն հաղորդվում, հայկական իշխանություններն էլ շարունակում են պնդել, թե միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Հանդիպմանը չի մասնակցել, սակայն դրանից մանրամասներ է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հայտարարել է, թե տեղեկություններն իրեն է փոխանցել Ադրբեջանի նախագահը՝ Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ։
Ըստ Էրդողանի՝ եռակողմ հանդիպումն արդյունավետ է անցել։ «Արազի (Արաքս) երկայնքով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցելու հարցը լուծված է։ Օրակարգում է մայրուղու կառուցումը, որը կանցնի Հայաստանի տարածքով և Նախիջևանով՝ հասնելով մինչև թուրքական Իգդիր», - ասել է Էրդողանը, ընդգծելով, թե այդ նախագծերով կողմերը կարևոր քայլ կանեն տարածաշրջանում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման համար։
Արաքսի երկայնքով նման երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների մասին հայկական կողմը, նշենք, բառ անգամ չի հայտնել։ Թերևս, այս իմաստով Էրդողանի հայտարարությունը սենսացիոն կարելի է համարել։ Էրդողանը խոսել է նաև Թուրքիայի կողմից առաջ քաշված «3+3» հարթակի մասին։
«Այս ձևաչափի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, և եթե համաձայնեն՝ նաև Վրաստանի մասնակցությամբ, կապացուցի, որ տարածաշրջանային խաղաղություն կա։ Մենք տեսնում ենք, որ այդ ուղղությամբ կան դրական քայլեր», - ասել է նա։
Այս հայտարարությունն էլ վկայում է, որ միայն Վրաստանն է դեմ արտահայտվում ձևաչափին, իսկ Հայաստանի կողմից որևէ դժգոհություն չի հայտնվել։ Փաստացի, Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «խաղաղության դարաշրջան» բացելու իրենց քաղաքականությունը շարունակում են ի հաշիվ ՀՀ ինքնիշխանության, հարյուրավոր հին և նոր գերիների, իսկ մանրամասնների մասին հարկ չեն համարում հայտնել հանրությանը։ Ի՞նչ կարիք կա հայտնելու, վերջին պահին կտեղեկացնեն ընդամենը։ Այդ դավադիր գործելաոճը, ի դեպ, վաղուց արդեն զարմանալի չէ անգամ Փաշինյանին վստահության քվե տվածների համար։
Դավիթ Երեմյան