Քաղաքագետը խոսել է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման նպատակների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպելով Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, Բրյուսելը ձգտում է հավասարակշռել իր ազդեցությունը տարածաշրջանում Ռուսաստանի հետ: Այդ մասին Bunin & Co հեռագրային ալիքի իր հոդվածում գրել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Հոդվածի սկզբում նա հարց է բարձրացրել. արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում նշանակում է, որ Եվրամիությունը փորձում է Մոսկվայից վերցնել միջնորդական դերը Երևանի և Բաքվի հարաբերություններում։ Քաղաքագետը կարծում է, որ նման եզրակացությունը չափազանց հապճեպ է՝ Փաշինյանն ու Ալիևը Բրյուսել են գնալու որպես Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հյուրեր, և նրանց հանդիպումը տեղի կունենա գագաթնաժողովի շրջանակներում։ Դրա նպատակն է ամրապնդել հետխորհրդային հանրապետությունների ինտեգրացիոն կապերը ԵՄ-ի հետ։ Այդ գործընթացում առաջատարներն են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց առջև չեն դնում Եվրամիությանն անդամակցելու ռազմավարական նպատակ։ Փորձագետը մեջբերել է գերմանացի հետազոտող Սաբինա Ֆիշերի այն կարծիքը, որ ԵՄ-ի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շատ փոքր է: Դա, նրա կարծիքով, հուշում է միայն այն մասին, որ Բրյուսելը ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ «Բայց դեկտեմբերյան հանդիպումն ավելի շուտ զրույցի հրավեր է հիշեցնում, այլ ոչ թե այնպիսի ակտիվ միջնորդություն, ինչպիսին իրականացնում է Ռուսաստանը»,- գրել է Մարկեդոնովը։ Նա նաև մատնանշել է, որ Եվրամիությունը չունի ոչ ռեսուրսներ, ոչ հնարավորություն դադարեցնելու կողմերի միջև զինված բախումները, լուծելու ռազմագերիների հարցը և առավել ևս խաղաղապահ գործողություններ իրականացնելու։ Ըստ քաղաքագետի, Բրյուսելը չունի հակամարտության կարգավորման ծրագիր, որը կլինի Մոսկվայի կողմից հնչեցրածից տարբերվող ինչ որ բան: