Նիկոլ Փաշինյանի նոր դավադրությունը Հայաստանի դեմ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՊատերազմը տեղափոխվել է Հայաստանի սահմանների մոտ։ Ադրբեջանը երեկ մի քանի ուղղություններով լայնածավալ գործողություններ էր իրականացնում ՀՀ արևելյան սահմանագոտու տարբեր հատվածներում, իսկ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ոչ միայն կատարում էին իրենց պարտականությունները, այլև ավելի էին խորացնում խուճապային իրավիճակը։ Կրակը դադարեցվեց երեկ երեկոյան կողմ, սակայն մինչ այս պահը որևէ հստակ տեղեկություն չկա հայկական կողմի զոհերի և կորուստների մասին։
Պաշտպանության նախարարությունը միայն հաստատել է մեկ պայմանագրային զինծառայողի՝ 30-ամյա շարքային Մերուժան Արթուրի Հարությունյանի մահվան փաստը։ Հաստատվել է նաև, որ 12 հայ զինծառայողներ գերևարվել են, ԶՈՒ-ն մի քանի կարևոր դիրքեր է կորցրել։ Իշխանությունը խոստովանեց, որ մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ հայտարարում էր, թե հայկական կողմի զոհերի թիվը 15-ն է։
Այս պայմաններում տարօրինակը ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ իշխանության սանձազերծած արշավն էր։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները մեկը մյուսի ետևից ԱԺ ամբիոն էին բարձրանում, հաթաթա տալիս ՌԴ-ին, ընդհուպ հայտարարում, որ դաշնակցային պարտականությունները չկատարելու դեպքում Հայաստանի իշխանությունները նոր դաշնակից կգտնեն։ Անգիտակից այս շանտաժը արդարացնել հնարավոր կլիներ, եթե իշխանութունները հարգանքի նշույլ ունենային թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային գործընկերների մոտ։
ՌԴ-ին սպառնալուն զուգահեռ ԱԳՆ-ն, օրինակ, որևէ բառ չասաց ՀԱՊԿ-ում գործընկեր համարվող Բելառուսի պահվածքի մասին։ Լուկաշենկոյի վարչախումբը երեկ՝ ռազմական գործողությունների լուրն առնելուն պես ռազմական օգնություն էր ուղարկել Բաքու։ Բողոքի որևէ նոտա, դեսպանին հայտարարված նկատողություն Հայաստանից չհետևեց։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդում խրոխտ ելույթներ էր ունենում։
«Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական. սա ուղիղ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է. Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը և պետականությունը, մեր անկախությունը»,- ասել է նա։ Իսկ Ադրբեջանը և նրա հովանավոր Թուրքիան շարունակում են իրենց հետևողական քաղաքականությունը՝ Զանգեզուրի միջանցք կտրելու, Հայաստանին նոր հարվածներ հասցնելու ուղղությամբ։
Արմեն Զաքարյան