Փաշինյանի «երազանքը»․ գիշերվա քողի տակ հանձնել Հայաստանի սահմանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄինչ հայ հանրությունը զբաղված էր ՏԻՄ ընտրություններով, Հայաստանի ապիկար և դավաճան իշխանությունները գիշերվա քողի տակ հանձնում են հերթական ճանապարհը Ադրբեջանին։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը միայն երեկ ուշ երեկոյան «ավետեց», որ ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Միաժամանակ հաղորդվում էր, թե տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ։
Օրեր առաջ էլ նույնպիսի գաղտնիության պայմաններում իշխանությունները առանց աչք թարթելու հանձնեցին Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ահազանգում է՝ ադրբեջանական մաքսակետերն ուղիղ ազդեցությամբ կապված են վեց գյուղերի՝ Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի, Ծավի, Շիշկերտի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ:
«Բացարձակ բացակայում են այդ իրավունքների պաշտպանության երաշխիքները՝ սկսած կյանքի իրավունքի սպառնալիքներից մինչև ազատ տեղաշարժ: Առանց այն էլ մարդկանց իրավունքները ոտնահարված կամ սպառնալիքի տակ են: Ադրբեջանական բացարձակ անօրինական, ոչ մի հիմնավորում չունեցող արարքներ են»,- նշել է Թաթոյանը:
Այդ հանգամանքը, սակայն, չի խանգարել փաշինյանական դավադիրներին վտանգի տակ դնել հայ բնակչության կյանքն ու իրավունքները, Հայաստանի ինքնիշխան տարածքից հերթական կտորը հանձնել թշնամուն։ Փաշինյանի զոմբիացած զանգվածը դեռ իներցիայով շարունակում է պահել նրա իշխանությունը, թեև, արձանագրենք, այդ զանգվածն էլ գնալով մաշվում և նվազում է։ Մնում է, որ ընդդդիմադիր ուժերին հաջողվի ուշքի գալ, համախմբվել, հստակ մարտավարություն մշակել և հեռացնել դավաճաններին իշխանությունից։ Այլապես Փաշինյանը շարունակելու է ասպատակել մեր երկիրը, կտոր-կտոր, հանուն իր իշխանության պահպանման հանձնել թշնամուն։
Նորայր Ավետիսյան