Դավաճանության մեխանիկան․ ինչպե՞ս սուսուփուս հայկական հողերը նվիրել թշնամուն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ուշ երեկոյան Հանրային հեռուստատեսության եթերում «ավետեց»՝ Ադրբեջանը կեսգիշերից սկսած Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Ադրբեջանական կողմը այդ մասին բարեհաճել է ծանուցել Հայաստանի ապիկար իշխանություններին, «հարգել է», այսպես ասած, թե չէ, կարող էր և չծանուցել։
«Ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կա՛մ Գորիս, կա՛մ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է»,- ասել է ԱԽ քարտուղարը։
Ընդամենը երկու ամիս առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հակառակն էր պնդում, թե ««2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը (Գորիս-Կապան) անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար»։
Հայաստանում իշխանության ղեկին հայտնված փաշինյանական վարչախմբի դավաճանության հետևանքով չորս բնակավայրեր անկլավներ են դառնում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, բնակիչների համար ստեղծվող անտանելի պայմաններով, ՀՀ ինքնիշխան տարածքն առանց սահմանազատման և սահմանագծման նվիրվում են թշնամուն, իսկ իշխանականները փորձում են այս դավաճանությունն էլ հերթական անգամ իրենց դիվանագիտական ձեռքբերումը ներկայացնել։ Իհարկե, իրավապահ մարմինները որևէ քրգործ չեն հարուցի պետական դավաճանության մեղադրանքով, փոխարենը, Նիկոլ Փաշինյանն իր զոմբիների բանակով կհարձակվի յորաքանչյուր ընդդիմախոսի վրա։ Նույնիսկ եթե մաքսակետեր դրվեն Երևանի սրտում, հանրության մի մասը չի դիմադրելու։ Հայաստանի Հանրապետությունը միացրել է ինքնաոչնչացման ռեժիմը։
Արմեն Ղազարյան