Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք եռանկյունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերկայումս եռանկյունի երաժշտական գործիքը լայն տարածված է ամբողջ աշխարհում: Այն պատկանում է նվագախմբային գործիքների հարվածային խմբին: Եռանկյունի հարվածային երաժշտական գործիքը իրենից ներկայացնում է եռանկյունու տեսքով պողպատե ձող, որի գագաթներից մեկը չագուցված է։ Հնչեցնելիս այն կախում են կաշեփոկից կամ լարից և հարվածում մետաղե ձողիկով։ Գործիքի ձայնը բարձր է և զրնգուն։
Հենց այդ ձևն էլ որոշել է գործիքի անվանումը, չնայած այդ գործիքի առաջին օրինակները չեն ունեցել եռանկյունի ձև, դրանք սկզբում քառանկյունաձև են եղել: Դա են հաստատում անգլիացի և իտալացի նկարիչների նկարներում եղած պատկերները:
«Եռանկյունի երաժշտական գործիք» հասկացությունն առաջին անգամ հիշատակվել է 1389 թվականին Վյուրտեմբերգ քաղաքի գույքի գույքագրման մեջ: Դժվար է ասել, թե կոնկրետ երբ և որտեղ է այդ նվագարանը ձեռք բերել մեզ հայտնի իր տեսքը, բայց միանգամայն հաստատ է այն, որ արդեն 17-րդ դարի սկզբին եղել են եռանկյունիների երեք տարատեսակներ, իսկ հետո անգամ հինգ տարատեսակ:
Ցավոք, պատմությունը չի պահպանել ճշգրիտ տեղեկություններ եռանկյունու ծագման մասին: Այնուամենայնիվ կա վարկած, որ այն հայտնվել է Արևելքում՝ Թուրքիայում: Նրա մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 15-րդ դարով: Նվագախմբերում եռանկյունիներ սկսել են օգտագործել 1850-ական թվականներից: Դա կապված է եղել արևելյան երաժշտության հանդեպ հետաքրքրությամբ:
Ռուսաստանում եռանկյունին հայտնվել է 1775 թվականին իր էկզոտիկ, արևելյան ձայնի շնորհիվ: Այն առաջին անգամ ներկայացվել է Գրեյթրիի «Գաղտնի մոգություն» օպերայում: Հայտնի է նաև, որ այն շատ ավելի վաղ եղել է ռազմական երաժշտության նվագախմբերում: Ռուսաստանում, նախահեղափոխական ժամանակաշրջանում այն սիրված գործիք է եղել Ելիզավետա Պետրովնայի զորքերի շրջանում: Ռուսաստանում եռանկյունին անվանել են նաև տրենզել, բայց բարեբախտաբար, այդ տարօրինակ անունը չի արմատացել: Վիեննական դասականների (Հայդեն, Մոցարտ, Բեթհովեն) աշխատանքներում եռանկյունին օգտագործել են թուրքական երաժշտությունը ընդօրինակելու համար: Շատ կոմպոզիտորներ, ձգտելով փոխանցել արևելյան պատկերներ, հարստացրել են իրենց ստեղծագործությունները եռանկյունու հնչեղ ձայնով: Ներկայումս դժվար է պատկերացնել ժամանակակից նվագախումբ առանց եռանկյան մասնակցության: Այդ գործիքի խաղացանկում գործնականում սահմանափակումներ չկան: Իրոք, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այն օգտագործվում է տարբեր ոճերի և ժանրերի երաժշտության մեջ: Այդ երաժշտական գործիքը նվագախմբային հնչեղությունը վերակենդանացնելու և հարստացնելու, նրան հանդիսավոր, վսեմ ու փայլուն տեսք հաղորդելու ունակություն ունի:
Եռանկյունին հատուկ բարձրություն ձայն չունեցող գործիք է: Նրա ձայնը կարելի է բնութագրել որպես թեթև, պայծառ, թափանցիկ, փրփրուն և բյուրեղային: Այնուամենայնիվ եռանկյունի նվագողը պետք է ունենա որոշակի հմտություն:
Հունաստանում, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին, եռանկյունին շատ տարածված գործիք է հանդիսանում: Երեխաները հավաքվում են մի քանի հոգանոց խմբով, գնում են տներ շնորհավորանքներով, երգեր են երգում այն ուղեկցելով տարբեր երաժշտական գործիքների ձայնակցմամբ, որոնց թվում եռանկյունին խիստ տարածված է: Ձայնի փայլուն գամմայի շնորհիվ եռանկյունու զրնգուն ձայնը նպաստում է տոնական տրամադրության և առասպելական մթնոլորտի ստեղծմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը