Ծանոթ ու միարժամանակ անհայտ … համակենտրոնացման ճամբար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամակենտրոնացման ճամբարը հատուկ կահավորված տարածք է, որտեղ հարկադրաբար ազատազրկում են որոշակի խումբ մարդկանց, օրինակ ռազմագերիներին, քաղբանտարկյալներին, պատանդներին և այլն: Իհարկե ներկայումս համակենտրոնացման ճամբար հասկացությունը առաջին հերթին կապվում է Երրորդ ռեյխի հետ, սակայն իրականում այդ կառույցները գերմանացիները չեն հորինել:
Համարվում է, որ համակենտրոնացման ճամբարների ստեղծման գաղափարը, պատկանում է իսպանացիներին: Անգամ տերմինի առաջացումը ունի իսպանական հիմք. campos de concentración: Առաջին համակենտրոնացման ճամբարը հայտնվել է 1895 թվականին Կուբայում: Այդ ժամանակ Իսպանիան պայքարում էր իր գաղութ Կուբան պահելու համար: Նրանց մոտ միտք հղացավ տեղական բնակչությունը «համակենտրոնացնել» մեկ վայրում, որպեսի հեշտ լինի հսկելը: Այդ պատերազմում իսպանացիները պարտվեցին և 1898 թվականին ստիպված էին լքել Կուբան, որտեղ էլ հենց օգտվելով վակումից խցկվեց ԱՄՆ-ը:
Հետո համակենտրոնացման ճամբարների ստեղծման միտքը իսպանացիներից վերցրին անգլիացիները: Նրանք ևս իսպանացիների նման 1899-1902 թվականներին պատերազմում էին Հարավային Աֆրիկայում իրենց գաղութների պահպանման համար (երկրորդ անգլո-բուրական պատերազմ): Ճամբարները անհրաժեշտ դարձան, որովհետև անգլիացիները վառում էին ֆերմերների ագարակները, և երկրում կուտակվել էին մեծ թվով անտուն փախստականներ: Այդ ժամանակ էլ հենց նրանք որոշեցին համակենտրոնացման ճամբարներ ստեղծել կանանց և երեխաների համար, նպատակը նաև այն էր, որ նրանք չկերակրեն բուրական զինվորներին: Ստեղծվեցին թվով քառասունհինգ սպիտակամորթների և քառասունվեց սևամորթների ճամբարներ: Արդյունքում այդ ճամբարներում զոհվել են 28 000 բուրեր՝ հիմնականում երեխաներ, և 20 000 սևամորթներ: Ընդ որում այդ պատերազմում այդքան զինվոր չի զոհվել:
Հաջորդ համակենտրոնացման ճամբարներ ստեղծողները արդեն գերմանացիներն էին: Նրանք փորձում էին գաղութացնել Նամիբիան և 1904-1907 թվականներին սկսեցին ձերբակալել խերերո և նամա ցեղի բոլոր ներկայացուցիչներին և լցնել այդ նպատակով ստեղծված համակենտրոնացման ճամբարները: Արդյունքում տանջանքներից և սովից 100 000 աֆրիկացի է զոհվել: 1915 թվականին Օսմանյան թուրքիան է վերբնակեցման նպատակով տեղահանված հայերի համար սկսել համակենտրոնացման ճամբարներ ստեղծել Խոմսում, Ռաքքայում, Դեր -Զորում և այլ վայրերում: Այդ ճամբարներից որոշները գործել են մինչև 1919 թվականը: Այդ ճամբարներում մարդիկ ապրում էին բաց երկնքի տակ, առանց սննդի , ջրի և զոհվում էին հիվանդություններից ու սովից: 1916 թվականին այդ ճամբարներում եղել են ավելի քան 200 000 հայեր: Հետո թուրք կառավարիչները որոշել են նրանց էլ ոչնչացնել քշելով Մարետե և Սուվար անապատների ուղղությամբ: Արդյունքում պատահական հայեր են կենդանի մնացել:
Հաջորդ խոշոր համակենտրոնացման ճամբարների ցանցի ստեղծումը կատարել է նացիստական Գերմանիան 1933-1945 թվականներին: Պատմությանը հայտնի այլ համակենտրոնացման ճամբարների պայմանների հետ համեմատելու համար ասենք, որ 1945 թվականին բոլոր ճամբարներում գտնվող 700 000 ճամբարականների կեսը մահացել է՝ պայմանների վատացման հետևանքով՝ սննդի մատակարարում, ջրամատակարարում և այլն: Այնպես չէ, որ համակենտրոնացման ճամբարները անցել են պատմության գիրկը: Ներկայումս էլ երբեմն կարելի է հանդիպել նրանց առաջացումը աշխարհի թեժ կետերում և քաղաքացիական պատերազմների ժամանակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը