Հայաստանի իշխանությունները միտումնավոր են ձախողում կորոնավիրուսի դեմ պայքարը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի իշխանությունները հիմնավորապես ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը։ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում պատվաստումների իրականացման ծավալներով․ պատվաստվել է բնակչության 6 տոկոսից էլ պակաս հատվածը, թեև առողջապահության նախարարությունը հայտարարում է, թե պատվաստանյութերի պակաս Հայաստանը չունի։ Անցած տարվա մարտից ի վեր կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 6112 մարդ, այլ հիվանդությունների բարդացումից՝ 1263 մարդ, և այդ 7 հազարից ավելի մահերի միակ մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են։
Թեև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատում է, որ մահճակալային ֆոնդը լիովին սպառվել է, իսկ կորոնավիրուսը շարունակում է իր մահաբեր ընթացքը, Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տալիս իրավիճակը մեղմելու համար։ Բազմաթիվ բժիշկներ, այդ թվում՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը խնդրում և աղաչում են հանրությանը պատվաստվել, չվտանգել իրենց և շրջապատի կյանքը, դիմակ կրել, սակայն իշխանություններն իրենց ապիկարության պատճառով վտանգում են պատվաստումների և դիմակ կրելու քարոզը։ Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել ընդունելություն ի պատիվ «Մտքերի գագաթնաժողովի» մասնակիցների։
Նախագահի աշխատակազմը հաղորդագրության մեջ տասնյակ նկարներ էր տեղադրել, թե ինչպես են փոքր և փակ տարածքում տասնյակ մարդիկ խմբվել, և միայն մեկ մարդ՝ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն էր դիմակ կրում։ Նույնիսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարկ չէր համարել դիմակ կրել։ Ավելի լավ հակաքարոզչություն պատվաստումների և դիմակ դնելու դեմ նույնիսկ անհնար է պատկերացնել։ Եթե իշխանությունները չեն գիտակցում իրենց արարքների ողջ վտանգավորությունը, ապա ի՞նչ պահանջել հանրությունից։
Գագիկ Լևոնյան