Սոցիալական բունտը սրբելու է Հայաստանի իշխանություններին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի կառավարությունը 2022 թվականի համար նախատեսում է 7 տոկոս տնտեսական աճ։ Այդ մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագիրը։ Վարչապետը նշել է` այս ամենին զուգահեռ, հեռու են այն մտքից, որ 2022-ի բյուջեն կլուծի բոլոր խնդիրները և, ըստ այդմ, բազմաթիվ սոցիալական խնդիրներ մնալու են չլուծված։ Իսկ որ Հայաստանի բնակիչների մեծ մասի համար ամենակարևոր խնդիրը վաղուց դարձել է սոցիալականը, կասկած չի հարուցում։ Համեստ այս կանխատեսումն, իհարկե, հեռու է էկոմոնիկայի նախարարի ազդարարած երկնիշ թվերից, նաև կրկին ապացուցում է, որ Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, ձախողվում են տնտեսական ոլորտում։ Այդ ամենը չի խանգարում պարգևավճարների համար ահռելի միջոցներ տրամադրելուն, մինչդեռ Հայաստանում, նույնիսկ անզեն աչքով նկատելի է սոցիալական խնդիրների ծանրացումը։
Այս տարվա հունվար-սեպտեմբերին միայն սննդամթերքի գները պաշտոնական տվյալներով ավելացել են 10,2 տոկոսով: Որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գծով թանկացումները հասել են ընդհուպ 40-50 տոկոսի, մինչդեռ բնակչության եկամուտները չնչին են աճել։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինյանին ձայն տվածներն անգամ սկսել են դժգոհել։ Հատկապես խոցելի խավերի դեպքում, իսկ հենց նրանք են Փաշինյանի հիմնական քվեատուները, սննդամթերքի թանկացումը լրջագույն սպառնալիք է ստեղծում։ Հայաստանի բնակիչները ոտքի չկանգնեցին ո՛չ Արցախը հանձնելիս, ո՛չ անվտանգային խնդիրների պայմաններում, բայց նույնը չենք կարող ասել սոցիալական խնդիրների պատճառով։ Իհարկե, սոցիալական բունտը որևէ լավ բան չի խոստանում, քաղցած բնակչությունը ավերիչ ուժ է, և ընդդիմության համար գրեթե անհնար կլինի այն ուղղորդել, ճիշտ, երկրի համար արդյունավետ ուղով տանել։
Սամվել Արշակյան