ՊՆ-ն վերածվել է կեղծ հերքումների նախարարության
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՊՆ-ՄԻՊ փոխհրաձգությունը շարունակվում է, և գնալով նոր՝ հետաքրքիր դրսևորումներ ստանում, իսկ պաշտպանության նախարարությունն ավելի է խճճվում իր իսկ երկնած ստի մեջ, խայտառակվում։ Խոսքը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մասին է, թե ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, ապաստարաններ կառուցում, իսկ պատկան մարմինները բացարձակ չեն կատարում իրենց պարտականությունները։ Պաշտպանության նախարարությունը երեկ էլ փորձել է հերքել Թաթոյանի պնդումը՝ իրականում ավելի հաստատելով այն։
«Զարմացած եմ, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել»,- ընդգծել է Արման Թաթոյանը և հավելել, թե թեման համարում է փակված:
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը միակն է, որ պատերազմում կրած պարտությունից հետո հստակ աշխատանք է իրականացնում թե՛ ադրբեջանցիների ներխուժումից տուժածների իարվունքների պաշտպանության, և թե՛ հանրությանը իրականությունը ներկայացնելու առումով։ Մինչդեռ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարությունը անընդհատ զբաղված են իրողությունները կոծկելով, կեղծ հերքումներով շեղելով, ադրբեջանցիների ներխուժումը որպես սովորական բան ներկայացնելով։
«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը ՄԻՊ-ի՝ Սոթք-Խոզնավար հատվածի վերաբերյալ ներկայացվող զեկույցներին ակտիվ հակադարձելու փոխարեն, պետք է նախ պատասխան տան՝ ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական զորքերը մայիսի 12-ին անարգել, առանց մարտերի տարբեր խորություններով ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։ Այդ ագրեսիայի պատասխանը ո՞վ է տալու։ Ո՞վ է պատասխան տալու սահմանագծի այդ հատվածն անպաշտպան թողնելու, Ադրբեջանին համապատասխան հատվածում «չդիմավորելու» և պաշտոնական տեղեկություններով, մինչև 3.8 կմ խորությամբ ներթափանցումը թույլ տալու համար»,- երեկ արձանագրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Սրանց նայի, երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրեն մունաթ գան»,- նշել է նա։
Վահե Մելիքյան