Տոնոյանի խոսելու հրամայականը․ նախկին նախարարին թողեցին կալանքի տակ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՊաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ Առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար մեղադրվող նախկին պաշտոնյան կալանավորվել էր անցած ամսվա վերջին: Տոնոյանն անցնում է բանակի համար գնված անպիտան հրթիռների քրեական գործով, նույն գործող մեղադրյալ է բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն։ Նրանք մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Դավիթ Գալստյանը ևս կալանավորվել է: Նա և նախկին նախարարը չեն ընդունում մեղադրանքը: Տոնոյանի փաստաբանները հայտնել են կալանքի որոշումը հիմա էլ Վճռաբեկ դատարանում բողոքարկելու մտադրության մասին։ Օրեր առաջ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն տարածեց, որը վերլուծական շրջանակների և սոցցանցերի օգտատերերի կողմից հստակ նախազգուշացում և սպառնալիք որակվեց՝ ուղղված գործող իշխանությանը։
Ըստ փաստաբանների՝ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը:
«Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»,- ասվում էր հայտարարության մեջ։
Անգամ այս զգուշացումից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է կալանքի տակ պահել պաշտպանության նախկին նախարարին։ Հետայսու, եթե նախկին նախարարը չխոսի, ներկայացնի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կատարած ապօրինությունները, կստացվի, որ հենց իր խոսքն է անպիտան և չպայթող հրթիռ:
Արամ Մաղաքյան