Խոշորացման փաթեթը վիճարկելու են ՍԴ-ում․ իմա՞ստը․․․
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԽորհրդարանական ընդդիմությունը երեկ Սահմանադրական դատարան մուտք է արել համայնքների խոշորացման դեմ դիմումները։ «Հայաստան» խմբակցությունը նշել է, թե ՍԴ-ին կոչ են արել կասեցնել օրենսդրականփ փաթեթի գործողությունը՝ հաշվի առնելով դրա հրատապությունը։ Ընդդիմադիր խմբակցություններն ավելի վաղ դիմել էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ կոչ անելով, որ նա դիմի, քանի որ նախագահի դիմելու դեպքում ընթացակարգն ավելի արագ է լինում։ Արմեն Սարգսյանը, բնականաբար, չէր դիմել։
«Հատկանշական է, որ մշտապես իր լիազորություններից գանգատվող հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ունենալով Սահմանադրության պահպանմանը հետևելու սահմանադրական պարտականություն, այն պայմաններում, երբ օրենսդրական փաթեթը հակասելով միայն վերջերս հենց Սահմանադրական դատարանի ընդունած որոշման պահանջներին, խախտելով թվով 441 համայնքների լսվելու իրավունքը՝ չդիմեց Սահմանադրական դատարան, պարզապես սահմանափակվեց իշխանական որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներով»,- ասվում է «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մինչդեռ, շտապում է օրենքները ուժի մեջ մտցնելու, համայնքների խոշորացման արդյունքում նոր ընտրություններ նշանակելու, իրեն հավատարիմ անձանցով ՏԻՄ-երը լցնելու համար։ Տեղական մարմիններում իշխանության առավել լայն ներկայացվածությունը թույլ կտա Փաշինյանին պահպանել իր իշխանությունը, տարածել ապիկար իշխանության շոշափուկները երկրի ղեկավարման բոլոր ոլորտներում։ Իսկ ընդդիմությունը, նշենք, ընդամենը աջակցում է Փաշինյանին, երբ իր պայքարը տանում է խաղաղ, սահմանադրական ճանապարհով։ Դա այն է, ինչ լեգիտիմացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նպաստում, որ նա շարունակի իր քայքայիչ գործունեությունը։ Արտահերթ ընտրություններին արմատական հանդես եկող ընդդիմադիրներին քվե տվեցին՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, այլ ոչ Ազգային ժողովում կառուցողական ու ոչ այնքան բանավեճեր վարելու, ծեծ ուտելու, կամ ամբիոններից խրոխտ քննադատելու համար։
Նորայր Արշակյան