Փորձագետը հաստատել է Սիրիայի և Լիբիայի վարձկանների մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ Սիրիայի և Լիբիայի վարձկանների Ադրբեջանի կողմից մասնակցությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմին հաստատել է Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ռազմական փորձագետ Ֆրանց-Ստեֆան Գադին: Նրա զեկույցը սեպտեմբերի 26 -ին հայտնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Անվտանգության քաղաքականության ակադեմիայի կայքում:
Փորձագետի խոսքով, Լեռնային Ղարաբաղի համար մղված կարճատև և շատ ծախսատար պատերազմը, որը տեղի է ունեցել 2020 թվականի աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև և ավարտվել է Երևանի պարտությամբ, շատ պայմանականորեն է մղվել կանոնավոր զինված ուժերի միջև: Նա հիշեցրել է, որ պաշտպանական գոտիներում Ադրբեջանի կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի լայն կիրառումը գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը և վեճեր է առաջացրել զինված ուժերի ապագայի և նոր ռազմական տեխնոլոգիաների վերաբերյալ:
«Լեռնային Ղարաբաղի համար մղված 44-օրյա պատերազմը մի կողմից Հայաստանի և այսպես կոչված Արցախի Հանրապետության զինված ուժերի և մյուս կողմից Ադրբեջանի զինված ուժերի և Սիրիայից ու Լիբիայից ժամանած վարձկանների միջև տարածաշրջանում առաջինն բաց և սովորական ռազմական հակամարտություն էր երկու Եվրասիական պետությունների միջև 2008 թվականի Կովկասյան պատերազմից հետո», - գրել է փորձագետը: Հիշեցնենք, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմն այն առաջին հակամարտություններից էր, որտեղ հետախուզության և հարվածների մեջ ակտիվ դեր են խաղացել անօդաչու թռչող սարքերն ու խոյահարող զինամթերքը: Լեռնային Ղարաբաղում անօդաչու թռչող սարքերի օգտագործման արդյունքները կարծիքներ են առաջացրել, որ տանկերը ներկայումս տեղ չունեն ռազմի դաշտում, քանի որ դրանք չափազանց խոցելի են անօդաչու թռչող սարքերի հարձակումների նկատմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը