Ի՞նչ արժե ՊՇՌ թեստ հանձնելը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր աշխատողների՝ ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստի հանձնման պահանջը: Բացառություն են կազմում պատվաստված քաղաքացիները, հղիները կամ հստակ հակացուցումներ ունեցողները: Սեպտեմբերի 16-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր․ «Ընդհանրապես համաճարակաբանական բոլոր միջոցառումները պետք է դիտարկենք ամբողջության մեջ: Որևէ միջոցառում ինքնին չի կարող երաշխավորել վարակի տարածման կամ հիվանդության բացառումը: Բայց երբ համադրության մեջ ստեղծում ենք մի շարք ֆիլտրեր, հնարավորություն ենք ունենում զսպելու վարակի տարածումը: Նման ֆիլտր է, օրինակ, Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Արդյոք սա 100 տոկոսով բացառո՞ւմ է հիվանդ անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ իհարկե ոչ, որովհետև 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող է վարակն ընդունել, և նման հնարավորություն կա, բայց մենք շատ մեծ տոկոսով նվազեցնում ենք Հայաստանի Հանրապետություն վարակի նորանոր ներթափանցման դեպքերը: Եվ մենք դրանում հավաստվեցինք, երբ 2-3 ամիս առաջ Հնդկաստանում, այլ երկրներում շեշտակի ավելացավ վարակի տարածումը, և իսկապես ամբողջ տարածաշրջանում դելտա շտամի վարակն ուժգնացավ, մենք, հստակ պահպանելով այս ֆիլտրերը, կարողացանք զսպել Հայաստանում այդ ընթացքում վարակի կտրուկ տարածումը: Ինչո՞ւ էի սա նշում. նույնկերպ 14 օրը մեկ անգամ թեստավորման պահանջը ևս մեկ ֆիլտր է: Այո, կարող էինք դնել՝ 3, 5, 1 օրը մեկ անգամ, բայց վերցրել ենք ռացիոնալ ինկուբացիոն շրջանի ինչ-որ մի թիվ և խնդրում ենք, որպեսզի մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը»։
Հայաստանյան բուժհաստատություններում, հատկապես վերջին շաբաթվա ընթացքում, գնային որոշ տատանումներ են նկատվում։ Որոշ լաբորատորիաներում նախկին 15․000 դրամը կարող է դառնալ 12․000, սակայն հիմնականում այն դեպքում, եթե դիմում է 20 և ավելի մարդ:
1or.am կայքը ուսումնասիրել է Հայաստանում գործող այն լաբորատորիաների գնացուցակը, որոնք ՊՇՌ թեստի արժեքը նվազեցրել են 15000 դրամից։ Ցիտո բժշկական կենտրոնում ՊՇՌ հետազոտության արժեքը 15․000 դրամ է, պատասխանը տրամադրում են 24 ժամվա ընթացքում: Բայց եթե պատասխանն ավելի շուտ են ցանկանում ստանալ, հետազոտության գումարն արժե 20․000 դրամ: Վաուչերները 2 տեսակի են՝ 2 անգամյա թեստավորման համար՝ 20․000 դրամ, 4 անգամյա թեստավորման համար՝ 35․000 դրամ: Գործում են նաև կորպորատիվ փաթեթներ: Մինչև 100 հոգին՝ 10․000 դրամ, 100-ից ավելին՝ 8000 դրամ:
«Պրոմ տեստ» լաբորատորիայից տեղեկացանք, որ ՊՇՌ թեստն արժե 15․000 դրամ, պատասխանը տրամադրում են 9 ժամից: Սակայն եթե միաժամանակ 10 հոգուց ավելի են դիմողները, ապա գինը 12․000 դրամ է: Վարդանանց նորարական բժշկական կենտրոնից էլ ասացին, որ ՊՇՌ թեստը 1 անձի դեպքում արժե 9500 դրամ, սակայն եթե դիմում է կոլեկտիվ, ու նրանց թիվը 20-ից ավելի է, ապա թեստի արժեքը 7000 դրամ է: Նորմեդ բժշկական կենտրոնում էլ ՊՇՌ թեստն արժե 8000 դրամ, եթե մոտենում և կենտրոնում եք հանձնում: Իսկ եթե բժշկական կենտրոնից են գնում որևէ տեղ, ապա 30 և ավելի մարդկանց դեպքում թեստը 8000 դրամ է, եթե քիչ են, ապա 15․000 դրամ: Բիոմեդ ախտորոշման լաբորատորիայում Covid 19 ՊՇՌ թեստավորման համար գործում է 2 առաջարկ. Covid19 ՊՇՌ թեստավորումն արժե 8000 դրամ բոլոր մասնաճյուղերում, բացի օդանավակայանից (11․500 դրամ) 27.09.2021 թվականից հաճախորդի (ֆիզիկական անձ) կողմից մեկ օրացույցային ամսվա (30 օր) ընթացքում 2 անգամ SARS COV-2 վիրուսի ՌՆԹ /ՊՇՌ/ թեստավորման ծառայությունից օգտվելու դեպքում՝ 2 թեստավորման արժեքը կազմում է 15.000 դրամ: Հաճախորդը թեստավորման արժեքը վճարում է 1-ին թեստավորման ծառայությունը ստանալիս և 2-րդ անգամ թեստավորման ներկայանալիս այլևս հավելյալ վճարում չի կատարում:
Սոնա Գիշյան