Փաշինյանի իշխանությունն աղավաղում է կոռուպցիայի դեմ պայքարը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄրցութային հանձնաժողովը երեկ քննել և դրական եզրակացություն է տվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեք թեկնածուներին էլ։ Մրցութային հանձնաժողովը, բոլորովին էլ ոչ անսպասելիորեն, դրական է գնահատել անգամ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, ում տված պատասխանները զավեշտի ժանրից էին։ Մասնավորապես, պարզվեց՝ Խաչատրյանը մեքենա չի հայտարարագրել, բայց վարում է, ոչ իրենը։ Վստահեցրեց, թե կնոջ եղբոր մեքենան է՝ «Պորշ կայեն»։
«Վերջին երկու տարվա ընթացքում օգտվել եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից, որը շատ հազվադեպ եմ վարում, և նա մի քանի ավտոմեքենաներ ունի, բավականին ապահովված տղա է: Ես շատ քիչ եմ մեքենա վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա, առավոտից մինչև ուշ գիշեր ես հիմնականում աշխատավայրում եմ: Ավտոմեքենա եթե վարելու անհրաժեշտություն է լինում, խնդրում եմ, տրամադրում է, վարում եմ», - ասել է Խաչատրյանը:
Խաչատրյանը նաև չկարողացավ պարզաբանել, թե որտեղից իրեն 43 միլիոն դրամը․ կմկմաց, թե դստեր հարսանիքի նվերներն են, բայց չկարողացավ բացատրել, թե ինչու են իրեն բաժին հասել դստեր հարսանիքի նվերները։ Արձանագրենք թերևս, որ Հակակոոռուպցիոն կոմիտեի նախագահի հավակնորդը չի կարողանում ապացուցել, թե կապ չունի կոռուպցիոն դրսևորումների հետ։ Հանուն արդարության նշենք, որ մյուս երկու թեկնածուներն էլ՝ փաստաբան Գառնիկ Թորոսյանն ու իրավաբան Դավիթ Մկրտումյանն առանձնապես չտպավորեցին իրենց գիտելիքներով ու բարեվարքությամբ։
Մրցութային հանձնաժողովն այժմ երեքի թեկնածությունն էլ ուղարկել է վարչապետին, ով պիտի նշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին։ Կասկած չկա, որ հենց Սասուն Խաչատրյանն էլ կնշանակվի։ Նրա նշանակումից հետո ՀՔԾ-ն այլևս չի գործի, փոխարենը նոր մարմինը կզբաղվի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ։ Բացառված է, որ Նիկոլ Փաշինյանը այլ՝ իր հետ սերտ առնչվող անձի նշանակի այդ պաշտոնում։
Գարիկ Մանասյան