Ռուսաստանը բացում է խաղաքարտերը․ մտադիր չէ հեռանալ Արցախից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդրբեջանում իսկական հիստերիա է բարձրացել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտարարությունների շուրջ։ Մուրադովը Արցախում էր 2020-ի նոյեմբերից, հեռանում է, իսկ նրան փոխարինում է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Նա Մախաչկալայում անցկացվող համառուսական հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը տարածաշրջանում: Նա նաև հիշեցրել է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում խաղաղապահները մնալու են Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Առաջին հինգ տարին՝ ըստ երեք երկրի ղեկավարների ստորագրած համաձայնագրի: Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը երկարաձգելու մասին»,- հավելել է Մուրադովը:
Ադրբեջանը, որը դեռևս չի էլ հաստատել ռուս խաղաղապահների մանդատը, Մուրադովի այս հայտարարությունը վտանգ է համարում իր շահերին։ Բնականաբար, Ալիևի վարչակազմը ամեն ինչ կանի, որ ռուս խաղաղապահներին, ժամկետը լրանալուն պես դուրս մղի Արցախից և լիովին օկուպացնի հայկական հանրապետությունը։ Ռուս ռազմական վերլուծաբանները, սակայն, վստահ են, որ ՌԴ-ն բնավ մտադիր չէ հեռանալ Արցախից, որտեղ արդեն ամրապնդվել է, ռազմական հենակետեր և ռազմակայան ստեղծել, իր քաղաքական և ռազմական ներկայությունն ամրապնդել տարածաշրջանում։
Պատերազմում Հայաստանի կրած պարտությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախում ՌԴ ներկայությունը բխում է առաջին հերթին հայկական կողմի շահերից։ Եթե մինչև 2020թ․ սեպտեմբերը Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, ապա այսօր բացառապես ՌԴ-ն է կատարում այդ առաքելությունը, իսկ Հայաստանի իշխանությունները նույնիսկ սեփական երկրի անվտանգությունն են դժվարությամբ կարողանում ապահովել։
Կարեն Մեսրոպյան