Գորիսում իշխանության գործերը բարդանում են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳորիսում իշխանության գործերը բարդանում են, հուլիսի 16-ից կալանավորված Առուշ Առուշանյանը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին։ Նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը երեկ հայտնել է, թե Առուշանյանը կգլխավորի «Առուշ Առուշանյան» դաշինքը, որը ձևավորվել է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ։ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ արեցին, որպեսզի Գորիսում և Սյունիքի մյուս քաղաքներում իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը։ Այդ նպատակով կալանավորվեցին Գորիսի քաղաքապետը, Մեղրիի և Սիսիանի նախկին համայնքապետերը։
Մեղրիում, Սիսիանում, Տեղ և Տաթև համայնքներում Փաշինյանը իր կուսակիցներին ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց, իսկ Գորիսում չհաջողեց։ Փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին մեծ բեմադրությամբ ձերբակալեցին, տեղափոխեցին Երևան, սակայն դատարանը հրաժարվեց կալանավորել Իրինա Յոլյանին։
Գաղտնիք չէ, որ Գորիսում Փաշինյանի իշխանությունն այնքան էլ ամուր չէ, և իրապես լուրջ մրցակիցներին չեզոքացնելոց՝ փորձում են վերցնել քաղաքի վերահսկողությունը։ Ընդդիմադիրները, սակայն, մտադիր չեն հեշտ հանձնվել, մինչև վերջ կռիվ են տալու։ Տևական ժամանակ խոսվում էր, որ ընտրացուցակը կգլխավորի Մենուա Հովսեփյանը, սակայն այժմ որոշում է կայացվել ընտրությունների գնալ Առուշանյանի գլխավորած ցուցակով։ Դա հնարավորություն կտա հաղթել Նիկոլ Փաշինյանի թիմին, որը, ի դեպ, ևս ներկայացրել է իր թեկնածուին՝ ոմն Վլադիմիր Աբունցի։ Մաքսային ծառայության նախկին աշխատակիցը, ըստ Գորիսում շրջանառվող լուրերի, նախկինում սերտ առնչություններ ուներ ՀՀԿ-ի հետ, իսկ իշխանափոխությունից հետո դարձել է Փաշինյանի ջերմեռանդ աջակիցը։
Նարեկ Մակարյան