Իշխանության անգործության պայմաններում ռազմագերիների հարցով ընդդիմադիրներն են զբաղվում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ44-օրյա պատերազմում կրած պարտությունից անցել է 10 ամիս, հարյուրավոր հայ զինծառայողներ գտնվում են ադրբեջանական գերության մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները, կարծես, մոռացության են մատնել նրանց։ Երբեմն-երբեմն մեկ-երկու ռազմագերիների վերադարձնում են Հայաստան, իսկ երեկ երկու մոլորված զինվորականների փոխանակել են Մարտակերտում «պատահաբար» հայտնված և տներից մեկը ներխուժած ադրբեջանցու հետ։ Ռազմագերիների հարցում իշխանությունների անգործությունն այլևս սովորական բան է դարձել, նրանց թվի և վիճակի մասին տեղեկությունները հայթայթում են իրավապաշտպանները, որոնց հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ ռազմագերիների հարցը վերջնականապես մոռացության չի մատնվում։ Իսկ ընդդիմադիր գործիչներն իրենք են ստիպված միջազգային ատյաններում բարձրացնել գերության մեջ տառապող հայերի հարցը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փոխանցմամբ՝ Բրյուսելում ԵԺԿ Քաղաքական համաժողիվի նիստին կարմիր թելով անցկացրել են ռազմագերիների հարցը։ ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարևորագույն ուղղություններից մեկը։
«ԵԺԿ Քաղաքական համաժողովը տեղեկացվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ընթացիկ վիճակից։ Ընդգծվեց Եվրոպական կառույցների կողմից նորացված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը ռազմագերիների պատշաճ և առանց նախապայմանների վերադարձն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իհարկե, ընդդիմադիր գործիչների այս քայլերը ողջունելի են, սակայն հարկավոր է հանրային պարտադրանք կիրառել Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների նկատմամբ։ Որպեսզի առողջարաններում երաժշտության տակ տժժալուց ազատ ժամերին գոնե զբաղվեն մեր գերիների հարցով։
Սարգիս Պետրոսյան