Իմ ընկերոջ համար 40 հազար դոլար կպցրեցի. Լեւոն Զուրաբյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան այսօր խորհրդարանում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ իր ընկերներից մեկը իր տեսախցիկով ուղիղ հեռարձակում էր կազմակերպել ընտրատեղամասերից մեկում, որն արժեցել էր ընդամենը 20 դոլար:
Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ «ոչ»-ը ջախջախիչ հաղթանակ էր տարել այդ տեղամասում։ ՀԱԿ խմբակցության ղեկավարն առաջարկեց տրամադրել 40 հազար դոլար ՀՀ յուրաքանչյուր ընտրատեղամասերում ընտրական գործընթացն ուղիղ հեռարձակելու համար։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չմերժեց Լեւոն Զուրաբյանի առաջարկը՝ նշելով, որ իրենք կտրամադրեն այդ 40 հազար դոլարը Զուրաբյանի ընկերոջը: «Շնորհակալ եմ այդ առաջարկի համար, եւ մենք այդ առաջարկն ընդունում ենք»,-ասաց Դավիթ Հարությունյանը։
Տեղից արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը. «Տենց չի կարելի, ես էս ձեւի բաց կոռուպցիա չէի տեսել»։ Լեւոն Զուրաբյանն սկսեց սակարկել՝ նշելով, որ այդ 40 հազար դոլարը պայմանական է, քանի որ տեսախցիկները կարող են ավելին արժենալ՝ կախված տեխնիկական միջոցների ներգրավվածութունից:
Համաձայնությունից հետո Լեւոն Զուրաբյանը լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Թեւան Պողոսյանի կարծիքով սա բացահայտ կոռուպցիա է, որ իրենք իրենցով տենդեր են կազմակերպում ու իրենց մարդուն անցկացնում, Զուրաբյանը կես լուրջ կես կատակ ասաց․ «Համաձայն եմ, ես հենց նոր իմ ընկերոջ համար 40 հազար դոլար կպցրեցի, եւ պատրաստ եմ դրա համար պատասխանատվություն կրել»։