Թուրքիան փորձում է Շուշին վերածել պանթուրքիզմի խորհրդանիշի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆactualnews.org-ը գրում է, որ Թուրքիան կանխամտածված աջակցում է ադրբեջանական հասարակության հակահայկական հիստերիային և փորձում է Շուշի քաղաքը վերածել պանթուրքիզմի խորհրդանիշի: Այս մասին է վկայում Daily Sabah իշխանամետ թերթի էջերում հրապարակված նյութը: Հոդվածում նշվում է, որ ադրբեջանական քաղաքը, որը նախկինում հայտնի էր որպես «Ղարաբաղի մարգարիտ», հայկական օկուպացիայի տակ գտնվելուց 30 տարի անց պատրաստ է ողջունել իր նախկին բնակիչներին: Բնակավայրի ազատագրման գործընթացը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի վերջին և ավարտվել նոյեմբերի 10 -ին:
Օկուպացիայից հետո շատ շենքեր անմարդաբնակ են եղել, քաղաքը վեր է ածվել «ուրվական քաղաքի»: Ադրբեջանի իշխանությունները սկսել են կարգի բերել քաղաքը, գնահատել պատմական շենքերին հասցված վնասները և միևնույն ժամանակ զինված ուժերը չեզոքացրել են «հայկական կողմից տեղադրված» պայթուցիկ սարքերը: Հրապարակման հեղինակները նշել են, որ անուղղելի վնասներ են հասցվել բազմաթիվ շենքերի, սակայն Ադրբեջանի իշխանությունները, Թուրքիայի աջակցությամբ, պատրաստ են գույքագրում կատարելուց հետո սկսել պատմական եկեղեցիների և այլ մասունքների վերականգնման գործընթացը, ինչպես նաև հրետակոծության և ռմբակոծություն հետևանքով վնասված այլ շենքերի վերականգնումը: Դատելով նյութից Անկարան, չնայած հայտարարում է հայերի հետ խաղաղության և բարեկամության մասին, սակայն աջակցում է Ադրբեջանում հակահայկական հիստերիային, ինչպես նաև ձգտում է հայերին դարձնել իսլամի թշնամիներ:
Քարոզչությունն ավելի համոզիչ դարձնելու համար հրապարակման մեջ հնարավորություն է տրվել խոսելու «ճիշտ» մարդկանց հետ, ովքեր հայտարարում են, որ Շուշին ազատագրվել է ոչ միայն Բաքվի ջանքերի շնորհիվ, այլ նաև թյուրքական աշխարհի օգնությամբ: Իր հերթին, փորձագետները կարծում են, որ Թուրքիան և Ադրբեջանը միտումնավոր Շուշին դարձնում են պանթուրքիզմի խորհրդանիշ: Այս գործընթացի նպատակն է միավորել թյուրքական ժողովուրդներին: Նախատեսվում է Շուշին դարձնել Ադրբեջանում Անկարայի վերջնական հաստատման խորհրդանիշ, և որը պետք է ադրբեջանցիներին վերջնականապես վերածի Անդրկովկասի թուրքերի:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը