Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն շնորհակալագրեր է տալիս քրեական հեղինակություններին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի գործող իշխանությունները մի կողմից քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքներ են ընդունում, մյուս կողմից՝ ակտիվորեն շփվում քրեական տարատեսակ հեղինակությունների հետ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչների երեք տարվա ընթացքում կապել են քրեական աշխարհի հետ։ Ինքը՝ Փաշինյանը դեռ իշխանափոխությունից առաջ Սերժ Սարգսյանին էր մեղադրում քրեական հեղինակություններին հովանավորելու, քրեական բարքերը հասարակություն ներմուծելու մեջ։ Գործող իշխանությունը, երեսպաշտին բնորոշ լկտիությամբ, չի խորշում սերտորեն առնչվել քրեական ենթամշակույթ կրողերի հետ, իսկ երեկ վերջապես հատեցին ողջամտության վերջին սահմանները՝ ԿԳՄՍ փոխնախարարը շնորհակալագիր հանձնեց քրեական աշխարհում հայտնի մի անձի, որին, ի դեպ, տևական ժամանակ քրեական հետապնդման էին ենթարկում։
Մամուլը երեկ տեղեկություն տարածեց Աջափնյակ համանքում գտնվող Միսակ Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի վերանորոգման մասին, իսկ դպրոցը վերանորոգվել էր ոմն «բարերար» Արտյոմ Հարությունովի կողմից։ Հարությունովին շնորհակալագիր էր հանձնում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, իսկ նրա կողքին կանգնած էին պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Ամեն ինչ հրաշալի էր, բացի մի «փոքր» հանգամանքից՝ Արտյոմ Հարությունովը Հայաստանում և Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն է՝ «Արտյոմ Կանևսկոյ» մականունով։
Հրաշալի է, երբ մարդը վերանորոգում է իր հարազատ դպրոցը, գումար ներդրում կրթության մեջ։ Արժեքային ողբերգություն է, երբ պետական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները չեն խորշում քրեական բարքերից, քրեականների կողքին կանգնելուց, թեև ի պաշտոնե կոչված էին այդպիսի բարքերը արմատախիլ անելու։ Կամ ի՞նչ արժեքներ են ստանալու դպրոցի աշակերտները, որոնք իրենց աչքով են տեսնում քրեականների մեծարումը իշխանության կողմից։
Մեսրոպ Պետրոսյան