Ադրբեջանը խաղաղության միտք չունի Հայաստանի իշխանության անատամ կեցվածքի արդյունքում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդրբեջանական զինուժի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել՝ 39-ամյա պայմանագրային Գեղամ Լյովայի Սահակյանը: Կրտսեր սերժանտն Արտաշատ քաղաքից է, երկու անչափահաս երեխաների հայր, ընտանիքի միակ աշխատողը: Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ երեկ ժամը 11.10-ի սահմաններում է ադրբեջանական կողմը սադրանքի դիմել, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածությունից հետո 10 հայ զինծառայող է սպանվել ադրբեջանական կրակոցից: Հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով՝ Երասխ, Սյունիք, Վարդենիս, պարբերաբար միջադեպեր են գրանցվում: Ադրբեջանական զինված հրոսակներն էլ շուրջ չորս ամիս գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում և հրաժարվում են դուրս գալ։
Երասխի ուղղությամբ նոր սրացումը տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա այցելության և այնտեղ նրա արած հայտարարությունների հետ։ Միրզոյանը, հիշեցնենք, Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի ռազմավարությունն է, սակայն խաղաղությանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը։ ՀՀ ԱԳ նախարարը նաև կոչ էր արել ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը։
Փաստորեն, Ադրբեջանն այս գործողություններով հերթական անգամ մանրամասն բացատրում է, որ միտք չունի խաղաղության հասնել։ 44-օրյա պատերազմի արդյունքներով Ադրբեջանը լուրջ առաջընթաց է գրանցել և այժմ բոլորովին մտադիր չէ կանգ առնել ձեռքբերածի վրա։ Հայաստանին շարունակելու են ճնշել, մաս-մաս քերթել, իսկ իշխանությունների անողնաշար պահվածքը գնալով ավելի լուրջ վտանգներ է բերում Հայաստանի Հանրապետությանը։
Տիգրան Մեսրոպյան