Ակնկալում եմ հստակություն, ինչը միշտ պակասում է կառավարության ծրագրերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը արդեն ներկայացվել է։ Ծրագրի գիտական հատվածի մասին զրուցել ենք ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ։ Ըստ վիրուսաբանի՝ փաստաթղթում առկա մի շարք կարևոր կետերի իրականացումը կարող է նպաստել ոլորտի զարգացմանը, սակայն, ծրագրում պետք է արտացոլված լիներ նաև ֆինանսական պարտավորվածության կամ դինամիկայի մասին դրույթներ, որոնք թույլ կտային հասկանալ, թե որքանով է ավելանալու ոլորտի ֆինանսավորումը առաջիկա հինգ տարվա ընթացքում, և ինչպիսի նշաձող է իր առջև դնում կառավարությունը յուրաքանչյուր խնդրի համար:
Անդրադառնալով կառավարության կողմից առանձացված գիտության ոլորտում լուծվելիք խնդիրների 4 պայմանական խմբերի՝ մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացման, գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացում և երիտասարդ կադրերի ներգրավման, գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացման, գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման վերաբերյալ հարցին, թե արդյոք հինգ տարիների ընթացքում հնարավո՞ր է ակնկալել կոնկրետ արդյունքներ, Հովակիմ Զաքարյանը պատասխանեց. «Նշված բոլոր կետերն էլ հնարավոր է իրականացնել, ավելին՝ նույնիսկ նախկին բարի ավանդույթների նման հնգամյա պլանը չորս տարում կատարել։ Բայց նորից գալիս ենք ֆինանսավորման խնդրին և ընդհանուր նշաձողերի սահմանմանը։ Ի՞նչ է նշանակում՝ ենթակառուցվածքների զարգացում։ Վերջին հաշվով, որևէ ինստիտուտի համար կարելի է երկու մանրադիտակ ու ցենտրիֆուգ գնել և համարել, որ ենթակառուցվածքը զարգացրել եք։ Զարգացե՞լ է, այո՛։ Բավարա՞ր է, ո՛չ։ Դրա համար ես ակնկալում եմ շատ ավելի հստակություն, ինչը միշտ պակասում է կառավարության ծրագրերում։ Նույնն էլ վերաբերում է մյուս խնդիրներին։ Երիտասարդ կադրերի ներգրավումը շատ կարևոր է, հատկապես, որ մեր գիտությունը ծերանում է, և գիտաշխատողների քանակն էլ անընդհատ նվազում է վերջին տարիներին։ Որքա՞ն երիտասարդ գիտնական ենք ուզում ներգրավել առաջիկա հինգ տարվա ընթացքում՝ 50, 100, 500, և ի՞նչ ռեսուրս ենք նախատեսում դրա համար։ Չէ՞ որ կա ուղիղ կապ ֆինանսական հատկացումների, գիտության գրավչության և երիտասարդների ներհոսքի միջև։ Չես կարող ունենալ ցածր ֆինանսավորում, բայց երիտասարդների մեծ հոսք։ Ամեն դեպքում, ես նման օրինակ չգիտեմ»։
Սոնա Գիշյան